Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունը չպետք է մոռացվի. Բոբ Մենենդեսը՝ Արցախի մասին

14 Նոյեմբերի 2023, 18:00

Քաղաքականություն

Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը Կոնգրեսին կոչ է արել դադարեցնել աջակցությունն Ադրբեջանի կառավարությանը, այդ թվում՝ ռազմական: Նա հորդորել է Վաշինգտոնին՝ կանգնել այն դաշնակիցների կողքին, որոնք պայքարում են մարդու իրավունքների համար և հետևում են պատերազմի օրենքներին:

«ԱՄՆ-ը պետք է կանխի ցեղասպանությունները, էթնիկ զտումները և վայրագությունները: Լեռնային Ղարաբաղի հինավուրց հայկական համայնքը հեռացել է ադրբեջանական դաժան ռեժիմի պատճառով: Ադրբեջանը ցանկանում է ջնջել նրանց աշխարհի երեսից: Ամիսներ շարունակ հետևել ենք՝ ինչպես է հումանիտար ճգնաժամ ծավալվում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարածաշրջանում մահացության յուրաքանչյուր 3 դեպքից 1-ը թերսնումից է եղել: Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղում տառապանքի արշավ է իրականացրել, Ժնևի կոնվենցիաների բացահայտ խախտմամբ՝ հենց Լաչինի միջանցքում կալանավորել մարդկանց, որոնք տեղափոխվում էին բուժման համար։

Ավելի քան 100 000 բնակիչ լքել է նախնիների տները: Հայաստան գնալու ճանապարհին ոմանք զոհվել են: Ի՞նչ է սա, եթե ոչ մարդու իրավունքների ոտնահարման վկայություն: Այդ փախստականները մեր օգնության կարիքն ունեն: Մասնավորապես, հարկավոր է երկարաժամկետ աջակցություն տրամադրել՝ հաշվի առնելով Երևանում բնակարանային ծանրաբեռնվածությունը: Հարկավոր է բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած դժբախտության մասին։ Այս  ցեղասպանությունը չպետք է մոռացվի: Հարկավոր է արձագանքել ադրբեջանական սպառնալիքին, նախքան նրանք կօգտվեն իրենց ունեցած առավելությունից։

Մենք պետք է պայքարենք այն սպառնալիքների դեմ, որոնց Հայաստանը շարունակում է դիմակայել»,- ասել է Մենենդեսը։