Ադրբեջանի կառավարությունն իրեն պահում է մաֆիոզ խմբավորման պես. Փոլ Գավան

05 Հոկտեմբերի 2024, 01:00

Քաղաքականություն

«ԵԽԽՎ-ում իմ ելույթում ես խոսել եմ Ադրբեջանի անդամակցության հարցի շուրջ՝ ընդգծելով սեփական քաղաքացիների նկատմամբ բացահայտ չարաշահումները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների նկատմամբ զայրացուցիչ պահվածքը»: Այս մասին Alpha News-ին ասել է ԵԽԽՎ իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանը:

Նա նաև նշել է, որ իր ելույթի վերջում կոչ է արել համատեղ ընթացակարգ սկսել նախարարների կոմիտեի և խորհրդարանական վեհաժողովի միջև՝ Ադրբեջանի կողմից որպես ԵԽԽՎ անդամ իր պարտավորությունների լուրջ խախտումները լուծելու համար։

«Այն փաստը, որ Ադրբեջանը թույլ չի տալիս որևէ մեկին իրականում ուսումնասիրել, թե ինչպիսին է իրավիճակը երկրում, այն փաստը, որ նրանք կեղծել են ընտրությունները և գործում են որպես իսկական մաֆիա, մեզ հուշում է, որ եթե մենք այդ խնդիրներով չզբաղվենք Վեհաժողովում, ապա կկորցնենք վստահությունը որպես իրավապաշտպան կազմակերպություն։

Ես այդ հայտարարությունն արել եմ բանավեճի ժամանակ, և մի քիչ մտահոգված եմ, որովհետև շատ պատգամավորներ հակառակ տեսակետ են հայտնել՝ ասելով, որ հիմա երկխոսության ժամանակն է։ Սա ինձ մոտ տարակուսանք է առաջացնում, քանի որ երբ դա տեղի է ունենում, և վեհաժողովին` իրավապաշտպան կազմակերպությանը, վերաբերվում են արհամարհանքով, ապա երկխոսության ժամանակ չի մնում: Հիմա երկխոսության ժամանակը չէ, այլ գործելու ժամանակը։

Այս իշխանություններին պատասխանատվության ենթարկեք և քաղաքակիրթ աշխարհին հասկացրեք, որ նրանք պետք է փոխեն իրենց վարքը: Դուք չեք կարող ներել նրանց, երբ նրանք կոլեկտիվ բռնությունների են ենթարկում սեփական քաղաքացիներին, ինչպես նաև սարսափելի վերաբերմունք են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի նկատմամբ:

Բանավեճը բավականին լավ անցավ, բայց ես մտահոգություններ ունեմ այս ռեժիմի անունից հանդես եկող ձայների քանակի վերաբերյալ: Պատճառներն, անկեղծ ասած, ինձ մոտ տարակուսանք են առաջացնում»,- ասել է Գավանը: