Ադրբեջանի կողմից Արցախում սպանված 4 հայ զինծառայողները դարձան Կուրբան Բայրամի զոհերը. Լուսինե Ղարախանյան

03 Հուլիսի 2023, 20:32

Քաղաքականություն

Արցախում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հունիսի 28-ի գիշերը սպանված 4 հայ զինծառայողները Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանի կարծիքով, Ադրբեջանի համար դարձան Կուրբան Բայրամի զոհեր:

«Արցախում վերջին 4 զոհերը դարձան ծայրահեղ հակամարդկային տոներից մեկի՝ Կուրբան Բայրամի զոհերը»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Լուսինե Ղարախանյանը՝ պատահական չհամարելով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի դրսեւորումը հենց հունիսի 28-ին, երբ իսլամական աշխարհը նշում է Զոհաբերության տոնի՝ Կուրբան Բայրամի առաջին օրը:

«Ինչպե՞ս ապրել այս մարդկանց հարեւանությամբ, երբ ասում են՝ ապրեք: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ այս մարդկանց հետ համակեցության մասին խոսելն անհեթհեթ է: Իրենց մոտ գլուխ կտրելը ստատիկ արժեք է: Ռամիլ Սաֆարովը, որը քնած վիճակում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ճանաչվել էր Ազգային հերոս: Գլխատման դեպքեր եղան նաեւ քառօրյա եւ քառասունչորսօրյա պատերազմների ժամանակ: Այս մարդկանց հետ անհնար է ապրել»,- շարունակեց Լուսինե Ղարախանյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինուժը հրետանային միջոցներից կրակել էր Մարտունու եւ Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայկական կողմը 4 զոհ ունեցավ: