Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը հանդիպել է Կարմիր Խաչի աշխատակիցների հետ

03 Օգոստոսի 2023, 10:45

Քաղաքականություն

Արցախցի երիտասարդները ոստիկանության հետ բանակցություններից հետո թույլ տվեցին Կարմիր Խաչի աշխատակիցներին մտնել շենք։

Համաձայնության եկան աշխատակիցների հետ՝ ներս մտնելու դեպքում պետք է ընդունեն Վագիֆ Խաչատրյանի դստերը՝ Վերային։ Վերջինիս հրավիրել են խոսելու Կարմիր Խաչի աշխատակիցների հետ։

Վերային որևէ նոր բան չեն ասել, միայն հուսադրել են, որ աշխատանքներ կտարվեն նրա հայրիկի հետ կապ հաստատաելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետից Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն առեւանգել էին 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ սրտի անհետաձգելի բուժօգնության նպատակով Արցախից Հայաստան էր տեղափոխվում։ Խաչատրյանի ընտանիքի անդամները հայտարարել են, որ որեւէ լուր չունեն Վագիֆ Խաչատրյանից:

Դստեր՝ Վերա Խաչատրյանի փոխանցմամբ՝ միայն գիտեն, որ հայրը Բաքվի հիվանդանոցներից մեկում է: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել իբր «հանցավոր խումբ ստեղծելու և 1991թ. դեկտեմբերի 21-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններ իրագործելու համար»:

Օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը ժամանակ տալ՝ Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին: