Ադրբեջանի նպատակը պարզ է, անհասկանալի է Հայաստանի իշխանությունների ասելիքը. Աշոտ Ղուլյան

25 Օգոստոսի 2023, 22:25

Քաղաքականություն

Աղդամով ճանապարհ բացելու մասին հստակ տեղեկատվություն կարող են տալ միայն պաշտոնյաները: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ, նախկին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը՝ փորձելով պատասխանել հարցին, թե որն է պաշտոնական Ստեփանակերտի հավաքական կարծիքը Աղդամի ճանապարհի շուրջ պտտվող լուրերի վերաբերյալ:

«Այս մասով, ըստ իս, հստակ տեղեկատվություն կարող են տալ միայն պաշտոնյաները: Իմ տպավորություններով, քանի որ մենք անընդհատ փոփոխվող իրադրություն ենք ունենում և օրվա մեջ մի քանի առաջարկների ենք բախվում, փորձ է արվում ինչ-որ առաջարկություններից բռնել ու առաջ գնալ:

Չեմ բացառում նաև, որ դա կարող է կապված լինել մեր իշխանավորների բնավորությունների հետ, բայց այն գործառույթները, որ Արցախում իրականացնում են, մեր իշխանությանը հուշում է, որ լուծման տարբերակներ է պետք փնտրել: Բայց շարունակում եմ պնդել, որ Աղդամի հարցի շուրջ իշխանավորները առանձին-առանձին պետք է բարձրաձայնեն իրենց դիրորոշումը»,- նշեց Ղուլյանը:

Նրա կարծիքով` Արցախում լիովին հասկանում են, թե Ադրբեջանում ինչ են մտածում և ինչ են ուզում անել, բայց չեն հասկանում, թե ինչ է անում կամ փորձում անել Հայստանի իշխանությունը:

«Շատ կուզեի ձեզ վստահեցնել, որ Արցախի իշխանությունը ունի հստակ գործողությունների պլան, բայց հիմա մենք ապրում ենք շատ արագ փոփոխվող մի ժամանակաշրջանում, որտեղ ինչքան էլ նախապես պատրաստված լինես, անհնար է սկզբից մինչև վերջ ծրագրել, և ցավով պետք է ասեմ, որ մեր հանրության մի մասը կարծում է՝ իշխանությունների գործողությունները կարող էին շատ ավելի արդյունավեր ու կազմակերպված լինել, քանի որ ժամ առ ժամ խորացող այդ ճգնաժամը մեր աչքի առաջ տեսնում ենք: Մեր իշխանությունները պետք է կոնկրետ աշխատանքներ տանեն, և դա պետք է հասարակության համար երևացող լինի:

Այսօր մեր հակառակորդը փորձում է կոտրել արցախցու կամքը, և մեզ համար լիովին հասկանալի է, թե Ադրբեջանում ինչ են մտածում և ինչ են ուզում անել, բայց անհասկանալի է թե ինչ է անում կամ փորձում անել Հայստանի իշխանությունը, քանի որ այն ինչ ներկայացվում է այս օրերին նրանց կողմից, մեզ համար հասկանալի չէ»,- եզրափակեց Ղուլյանը: