Ադրբեջանի թիվ 1 հանցակիցը ՀՀ իշխանությունն է. Չալաբյան
24 Սեպտեմբերի 2023, 22:10
Կարևորն Ավետիք Չալաբյանի ելույթից․
Ադրբեջանի թիվ մեկ հանցակիցը Հայաստանի այս իշխանությունն է
Պետք է արձանագրել, որ այսօր հումանիտար միջանցքը կարծես թե սկսել է բացվել, և ՀՀ տարածք են տարհանվել արցախցի մեր քույրերն ու եղբայրները: Մեր հայրենակիցներն ունեն մեր օգնության կարիքը, և մենք պետք է պատրաստակամ լինենք նրանց օգնելու, որպեսզի նրանք ինտեգրվեն, կացարաններով ապահովվեն:
Այս ողբերգությունն ունի մեղավորներ, և թիվ մեկ մեղավորը ցեղասպան, ոճրագործ Ադրբեջանն է: Այս ցեղասպանությունը տեղի է ունեցել մեծ տերությունների անտարբեր աչքերի առաջ: Նրանք անընդհատ մտահոգություն են հայտնել, բայց ոչ մի քայլ չեն ձեռնարկել:
Մենք պետք է հասկանանք, որ մեր աչքերի առաջ տեղի է ունեցել իրական ցեղասպանություն: Մենք չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանն այդ ցեղասպանությունը մարսի: Մենք պետք է հասնենք նրան, որ Ադրբեջանի հիմնական պարագլուխները, որոնք այս ցեղասպանության հեղինակներն են, ի վերջո հայտնվեն Հաագայի դատարանի առջև և դատապարտվեն: Այս ամենը Հայաստանի իշխանությունների խնդիրն է, սակայն քանի որ այսօր մենք չունենք իրական իշխանություն, ապա այս ամենը մեր խնդիրն է: Մենք պետք է հավաքենք այս ոճրագործության բոլոր ապացույցները:
Մենք ստեղծել ենք թեժ գիծ, ինֆորմացիոն կենտրոն, որին կարող եք ուղարկել լուսանկարներ, տեսանյութեր, զանազան տեղեկատվություն, որը կփաստի այդ ոճրագործության մասին: Մենք պետք է անենք այդ փաստահավաք աշխատանքը մեր մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ միասին, որ մեղավորները պատասխան տան:
Բոլորը պետք է իմանան, որ այստեղ տեղի է ունեցել ոչ թե պատերազմ, այլ ցեղասպանություն։