Ադրբեջանի վերջին հայտարարությունները վկայում են, որ նրանք պատրաստվում են հարձակման. Հովիկ Ավանեսով

12 Դեկտեմբերի 2024, 22:00

Կարծիք | Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը այսօր հայտարարել է, որ պետք է լուրջ սահմանափակումներ կիրառել ՀՀ-ի ռազմական զարգացման քաղաքականության նկատմամբ: «Նման պրակտիկա կա միջազգային հարաբերությունների օրակարգում, որոշակի սահմանափակումներ են կիրառվում ագրեսոր և օկուպանտ երկրների բանակաշինության և ռազմական պլանավորման գործընթացում: Օրինակ՝ սահմանփակումներ են մտցվել Երկրորդ համաշխարհային և Իրաք-Քուվեյթ պատերազմներից հետո: Բացի այդ, պետք է դիտարկել Հայաստանին հարձակողական զենք մատակարարող երկրների պատասխանատվության հարցը»,- նշել էր Հաջիևը:

Alpha News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է կովկասագետ Հովիկ Ավանեսովի հետ:

Հարցին՝ Ադրբեջանը հասկանո՞ւմ է, որ այս պայմանը չի արվի, դրա համար է անում հայտարարություններ, թե՞ այնուամենայնիվ ՀՀ իշխանությունները հանուն խաղաղության պայամանգրի պատրաստ են նման քայլի գնալ, կովկասագետը նշեց.

«Երկու տարբերակներն էլ պետք է դիտարկել, բայց, այնուամենայնիվ, Ադրբեջանը հստակ հասկանում է, որ նմանատիպ պայմանների իրականացումը կախված չէ միայն ՀՀ-ի իշխանությունների որոշումներից: Հատկապես այն երկրների հետ կապված, որտեղից պարբերաբար ռազմական սպառազինություն է գալիս Հայաստան: Այս ամենի նպատակը հավելյալ տեղեկատվական ֆոն ստեղծելն է հաջորդ ռազմական արկածախնդրության համար, և վերջին շրջանում բոլոր հայտարարությունները տանում են նրան, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակման կամ Սյունիքի, կամ Տավուշի ուղղությամբ, բայց հավանական է նաև, որ կարող է լինել երկու ուղղություններով: Մենք այս հայտարարությունները պետք է վերլուծենք և հնարավոր բոլոր սցենարները մշակենք՝ հաշվի առնելով, որ նմանատիպ հայտարարություններն արվում են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին, երբ Թուրքիայի անմիջական աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումները հերթական հարձակումն իրականացրին Սիրիայի մի շարք բնակավայրերի ուղղությամբ»:

Ավանեսովը նաև ընդգծել է՝ միջազգային բոլոր կոնվենցիաներով ցանկացած պետության թույլատրվում է պաշտպանական անվտանգային միջոցներ ձեռք բերել:

«Պետք է շատ կարևոր հանգամանքի ուշադրություն դարձնել: Միջազգային բոլոր կոնվենցիաներով թույլատրվում է ցանկացած պետության իր երկրի անվտանգությունը ապահովելու համար համապատասխան պաշտպանական անվտանգային միջոցներ ձեռք բերել: Եվ այդ միջոցներն ինչպես զինված ուժերի, տարբեր ուժային կառույցների առկայությունն է, այնպես էլ համապատասխան սպառազինության ձեռքբերումն է: Մասնավորապես, ՄԱԿ-ի 50-րդ և կարծեմ 51-րդ կոնվենցիաներում հստակ ամրագրված է, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի իր երկրի անվտանգությունն ապահովել ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ համապատասխան գրավոր դիմումների ընթացակարգի հիման վրա՝ ներգրավելով 3-րդ կամ 4-րդ պետության ուժային կառույցների»,- եզրափակել է կովկասագետը: