Ադրբեջանի վրա հարձակվելով՝ Իրանը նրան կդարձնի իր թշնամի կամ հակառակորդ․ Նարեկ Կարապետյան

25 Մարտի 2026, 15:40

Քաղաքականություն

Լոգիստիկ առումով Հայաստանը կարևոր նշանակություն ունի։ Աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալիի հետ հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է Հայաստանն աշխարհաքաղաքական առումով կարևոր։

«Հայաստանն աշխարհի հնագույն երկրներից է, որի մասին փաստագրված հիշատակումները սկսվում են 25 դար առաջ՝ 2500 տարի առաջ։Մեր երկիրը գտնվում է մի տարածաշրջանում, որը բուֆեր է երեք մեծ տերությունների՝ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև։ Այս պատճառով է, որ այն կարևոր է, քանի որ Հայաստանը նաև հանդիսանում է Չինաստանից դեպի Եվրոպա ցամաքային ամենակարճ ճանապարհը»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Նա նաև նշել է, որ Հայաստանը լոգիստիկ տեսանկյունից առանցքային նշանակություն ունի, քանի որ կարող է ապահովել կարճաժամկետ ուղի Չինաստանից դեպի Եվրոպա և Եվրոպայից դեպի Չինաստան։

Լրագրողի հարցին՝ Իրանն իրականում հարձակվե՞լ է Ադրբեջանի վրա, Նարեկ Կարապետյանը պատասխանել է. «Չեմ կարծում, որ այժմ Ադրբեջանի ուղղությունը Իրանի համար առաջնահերթություն է։ Իրանի առաջնահերթությունը կառավարության կառուցվածքի կայունությունը պահպանելն է: Ադրբեջանի վրա հարձակվելով՝ Իրանը կստանա Ադրբեջանի նման թշնամի կամ հակառակորդ, և պատերազմը կընթանա այլ ճանապարհով»:

Նարեկ Կարապետյանը նաև նշել է, որ եթե Իրանում անկայունություն լինի, ապա դա կազդի ամբողջ տարածաշրջանի վրա. «Ամբողջ եվրասիական տարածաշրջանը կբախվի անվերահսկելի միգրացիայի, աղքատության և մատակարարման շղթաների խափանման սպառնալիքին։ Դա մեծ վնաս կհասցնի Կենտրոնական Ասիային, Հարավային Կովկասին, Մերձավոր Արևելքին»։