Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը Եվրախորհրդարանին մեղադրել է զրպարտության մեջ

29 Հոկտեմբերի 2024, 14:30

Քաղաքականություն

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան ԱԺ լիագումար նիստում Եվրախորհրդարանին մեղադրել է Բաքվի դեմ զրպարտչական արշավ վարելու մեջ: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանում կազմակերպվել է հերթական քաղաքական ակցիան՝ ուղղված Ադրբեջանի դեմ։ Ընդունվել է կողմնակալ բանաձև մեր երկրի դեմ, որը կառուցված է զրպարտության, ստի ու կեղծ տեղեկատվության վրա: Ցավալի է, որ Եվրախորհրդարանը գործիք է դարձել Ադրբեջանի դեմ թշնամական և զրպարտչական արշավ իրականացնող սև ուժերի ձեռքում», — նշել է նա:

Գաֆարովայի խոսքով՝ նման «անարդար և ոչ օբյեկտիվ պատճառների ի հայտ գալը ևս մեկ անգամ բացահայտ ցույց է տալիս այն ուժերի չար մտադրությունները, որոնք չեն կարողանում հաշտվել Հարավային Կովկասի տարածաշրջանում պատմական արդարության և միջազգային իրավունքի վերականգնման հետ»: «Կարծում եմ, որ այս բանաձևով Եվրախորհրդարանը ոչ միայն կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում մեր տարածաշրջանի պատմական և ժամանակակից իրողությունների նկատմամբ, այլև մարտահրավեր է նետում մեր պետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», — հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը հոկտեմբերի 24-ին բանաձև է ընդունել՝ կոչ անելով ԵՄ առաջնորդներին Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթաժողովն օգտագործել որպես Ադրբեջանի իշխանություններին քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչ անելու առիթ: Բացի այդ, ԵԽ-ն դիմել է ԵՄ ղեկավարությանը՝ խնդրելով անել հնարավորը, որպեսզի այսուհետ ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովները չանցկացվեն մարդու իրավունքների ոլորտում վատ համբավ ունեցող երկրներում: