Ադրբեջանին ձեռնտու չէ այս պահին խաղաղության պայմանագիր կնքել․ Արա Պողոսյան

12 Նոյեմբերի 2024, 13:35

Կարծիք | Քաղաքականություն

Դատելով Հայաստանից հնչող հայտարարություններից՝ ըստ իս ՀՀ-ի ներկայացուցիչները չեն մասնակցի COP29 համաժողովին: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը:

«Դատելով Հայաստանից հնչող հայտարարություններից կամ դրանց բացակայությունից, և Ադրբեջանի իշխանությունների՝ հատկապես Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունից՝ կարծում եմ, որ ՀՀ-ի ներկայացուցիչները չեն մասնակցի COP29 համաժողովին: Թե ինչու չեն մասնակցի, կարծում եմ՝ կան բազմաթիվ խնդիրներ, դրանցից մեկն այն է, որ Հայաստանի իշխանությունները, տարբեր խոսակցությունների համաձայն, հույս են ունեցել, որ հնարավոր կլինի մասնակցության դիմաց լուծել գերիների որոշակի թվի վերադարձի խնդիր, բայց Ադրբեջանն անդրդվելի է: Ես կարծում էի, որ դա հնարավոր չէ իրականացնել, քանի որ ի սկզբանե Ադրբեջանը դեմ է եղել, և ենթադրում եմ՝ սրանով պայմանավորված Հայաստանի պատվիրակությունը մասնակցություն չի ունեցել և չի ունենա»,- ընդգծեց Պողոսյանը:

Հարցին, թե պաշտոնական Երևանին ինչը խանգարեց այս ընթացքում համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերել, քաղաքագետը նշեց.

«Խնդիրները տարբեր են: Դրանք պայմանավորված են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ, բայց ավելի շատ սուբյեկտիվ պատճառներով, ինչը պայմանավորված է հատկապես ՀՀ-ի իշխանությունների բանակցային դիրքով՝ թե՛ քաղաքական խոսույթով, թե՛ վարքագծով և ունեցած կապիտալով։ Այն բանակցային կապիտալով, որը կարող էր որոշակի դեր խաղալ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հարաբերություններում: Ցավոք սրտի, ՀՀ-ի իշխանությունները Ադրբեջանի հետ հարաբերություններում դրսևորել են թուլակամություն, ցույց են տվել՝ չունեն որևէ կարմիր գիծ, որառհասարակ իրենց կարմիր գծերը գոյություն չունեն, և դրանք անցնում են միայն այն կետով, որտեղ պահպանվում է իրենց իշխանությունը և ոչ ավելին: Այս ամենով պայմանավորված բնականաբար բարդ կլիներ Բաքվի հետ գալ համաձայնության:

Բայց պետք է նշել, որ ևս մեկ խնդիր կա, որն ի սպառ դուրս եկավ օրակարգից: Խոսքը գնում է խաղաղության պայմանագրի ստորագրման մասին: Հատկապես արևմտյան հարթակներում բազմիցս կրկնել էին, Հայաստանն էլ ժամանակ առ ժամանակ ակնարկում է, որ մինչ COP29-ը հնարավոր է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև կնքվի խաղաղության համաձայնագրի ինչ-որ տեքստ, բայց դա ևս դատապարտված էր չիրականացման: Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են ավելի հեռուն գնալ իրենց պահանջներում, դրա համար էլ նրանց ձեռնտու չէ այս պահին խաղաղության պայմանագիր կնքել»: