Ադրբեջանն ակնկալում է ստանալ Հայաստանի կենսունակությունը․ Արա Պողոսյան
09 Ապրիլի 2024, 23:00
Փաշինյան-Բլինկեն-ֆոն դեր Լայեն հանդիպումից հետո Ադրբեջանը փորձում է շեշտել իր կարևորությունը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Թուրքիայում մտահոգություն էին հայտնում, որ եռակողմ հանդիպումն անարդար է, քանի որ այս հանդիպումից հետո Ադրբեջանը գործընթացից դուրս է մնում, կամ սա փորձ է Ադրբեջանին դուրս թողնելու գործընթացներից կամ տարածաշրջանային զարգացումներից։ Դա ուղիղ նշանակում է, որ Ադրբեջանը հատկապես այս փուլում ամեն ինչ անելու է, որ Արևմուտքին հիշեցնի Հարավային Կովկասում իր կարևորության մասին։ Միևնույն ժամանակ Բաքվի բռնապետը հաճախ է հիշեցնում, որ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում փոխվել է ստատուս քվոն, և Ադրբեջանը որոշիչ պետություններից մեկն է։ Եվ ցանկացած հարց, որը կքննարկվի Հարավային Կովկասի հետ կապված, Ադրբեջանը պետք է իր մասնակցությունն ու որոշիչ ձայնն ունենա։ Այս փուլում Ալիևի վարքագիծը հատուկ ընդգծումն է այն բաների, որ չի կարելի և հնարավոր չէ որևէ պայմանավորվածություն տարածաշրջանի վերաբերյալ առանց Ադրբեջանի մասնակցության»,- ասաց Պողոսյանը։
Քաղաքագետն ընդգծեց՝ Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության ներկայացուցիչների հատուկ զանգերը Իլհամ Ալիևի համար կարևոր էին, քանի որ այդ կերպ ընդգծվեց նրա կարևորությունը տարածաշրջանում։
«Նրանք զանգահարել են Իլհամ Ալիևին և տեղեկացրել՝ հանդիպումը չունի հակաադրբեջանական ուղղվածություն։ Սա Ադրբեջանի համար կարևոր էր այն իմաստով, որ ևս մեկ անգամ ընդգծվեց Ադրբեջանի կարևորությունը տարածաշրջանում: Սա այն հաղթաթուղթն է, որով Ադրբեջանը պարբերաբար ընդգծելու է իր կարևորությունը տարածաշրջանում, նաև սահմանային բախումներ հրահրելով, ժամանակ առ ժամանակ այս կամ այն սահմանային կետում սադրանքների դիմելով։ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ Հայաստանում արված ցանկացած ներդրում չի կարող լինել անվտանգ, եթե չկա համաձայնություն։ Այս կերպ Ալիևը փորձում է Հայաստանի նկատմամբ ունենալ լծակներ, և դրանք պարբերաբար կիրառել։ Դրանք կիրառելով՝ Ադրբեջանն ակնկալում է ստանալ Հայաստանի կենսունակությունը։ Այս իմաստով պատահական չեն նաև Ադրբեջանի պահանջները սահմանամերձ 4 գյուղերի վերաբերյալ, ինչու՞ հենց այս 4 գյուղը, քանի որ սրանք ունեն ռազմավարական նշանակություն»,- եզրափակեց Պողոսյանը։