Ադրբեջանն ու Հայաստանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը. Տոյվո Կլաար

24 Հունիսի 2024, 17:29

Քաղաքականություն

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ պարբերաբար այցելում է Հայաստան և Ադրբեջան, ղեկավարների և մյուս պաշտոնյաների հետ կարծիքներ փոխանակում այն ​​մասին, թե ինչպես լավագույնս օգտագործել հնարավորությունները՝  նպաստելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը, ինչը նշանակում է ԵՄ բարձր մակարդակի աջակցություն՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

«Թեև միջազգային մասնակցությունը խաղաղության բանակցություններին վերջին ամիսներին ավելի սահմանափակ է եղել, քան նախորդ երկու տարում, մենք ուրախ ենք արձանագրել հայ-ադրբեջանական երկկողմ հանդիպումների ընթացքում գրանցված առաջընթացը»,- ասել է Կլաարը:

Նա նշել է, որ Եվրամիությունը ողջունել և գնահատել է այնպիսի դրական զարգացումներ, ինչպիսիք են 2023 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը COP29-ի և բանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ, 2024 թվականի ապրիլի 19-ին սահմանների սահմանազատումը սկսելու մասին համաձայնագիրը, որը վերահաստատել է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի կարևորությունը՝ որպես հիմք սահմանների սահմանազատման և սահմանագծման հետագա աշխատանքների համար: