Ադրբեջանն ուզում է մաս առ մաս վերահսկողության տակ վերցնել Հայաստանը. Վասիլի Կոլտաշով

20 Մարտի 2025, 23:00

Կարծիք

Ռուս քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության նոր էսկալացիայի հավանականությունը:

Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանը ցանկանում է մաս առ մաս վերահսկողության տակ վերցնել Հայաստանը։

«Էսկալացիան հնարավոր է, քանի որ Ադրբեջանը հայկական տարածքի յուրացման որոշակի մեթոդ է օգտագործում։ Պարզ ասած, Հայաստանի փոքրացման մեթոդ, որը պետք է ժամանակի ընթացքում, ինչպես հասկանում եմ, հանգեցնի վերջինիս վերացմանը։ Այս մեթոդը մի կողմից ենթադրում է հարցի լուծում անվերջ խաղաղ երկխոսության և լրացուցիչ պահանջների առաջադրման տեսքով, մյուս կողմից՝ զինված ազդեցության տեսքով։

Ես չգիտեմ, թե ով ում վրա է կրակում, բայց տպավորություն է՝ Բաքվից հրաման կա մի քիչ կրակել հայերի վրա։ Ես կարծում եմ, որ այստեղ փոխադարձ հակակրանքը բավական մեծ է, բայց Ադրբեջանը միջին քաշային մարտիկ է, իսկ Հայաստանը՝ թեթև քաշային, իսկ խոշոր խաղացողներն այժմ աջակցում են Ադրբեջանին։ Դա, օրինակ, Թուրքիային է վերաբերում, թեև Թուրքիայի մոտ հիմա էլ, կարծես, ներքին քաղաքական դիսբալանս է սկսվում։

Ադրբեջանն, ունենալով մշտական ներքին հասարակական ճգնաժամ, որը իշխանությունները վերահսկողության տակ են պահում աշխարհաքաղաքական հաջողությունների շնորհիվ, հնարավորություն ունի կտոր-կտոր անել Հայաստանը: Ուստի, այո, նոր զինված հակամարտություն հնարավոր է։ Եվ ավելին, դա որոշում է բացառապես Բաքուն։ Ցանկացած պահի Ադրբեջանի կառավարությունը կարող է ասել, որ չեն կարողանում հանդարտեցնել հայ սահմանապահներին, նրանք կրակում և կրակում են, իսկ իրենք ստիպված են հասկացնել հրետանային արկերի և ռումբերի միջոցով, և ամեն ինչ կսկսվի», — ասել է Կոլտաշովը։

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը ցանկանում է տարածքային առումով փոքրացնել Հայաստանը:

«Ադրբեջանը ցանկանում է մաս առ մաս վերահսկողության տակ առնել Հայաստանը, տարածքային առումով փոքրացնել այն և, ընդհանուր առմամբ, դա իր արդյունավետությունն ապացուցած ռազմավարություն է։ Ադրբեջանը հզոր ազգային միֆ ունեցող պետություն է, նրանք առաջնորդվում են այդ ազգային միֆով, այդ ազգային միֆի վրա է հենվում Բաքվի իշխանությունը», — եզրափակել է Կոլտաշովը։