Ադրբեջանում չորս ամսով կալանավորվել են Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Դավիթ Իշխանյանը

05 Հոկտեմբերի 2023, 13:24

Քաղաքականություն

Ադրբեջանը չորս ամսով կալանավորել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, ինչպես նաև խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանին։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով:

Հիշեցնենք, որ Ադրբեջանական կողմն ավելի վաղ հաստատել էր ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի գերեվարման փաստը։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էր նաեւ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին կալանավորելու մասին։ Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական ուժայինները ձերբակալել են Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին: Վերջիններս տարբեր մեղադրանքներով 4 ամսով կալանավորել են:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը կալանավորել է պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու պետական անվտանգության ծառայությունը այսօր հաստատել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալությունը: