Ադրբեջանում հասկանում են՝ Հայաստանից ոչ մի հակահարված չեն ստանա. Տիմոֆեյ Բորդաչևը՝ Ադրբեջանի կողմից գնդակոծությունների մասին

15 Փետրվարի 2024, 00:11

Կարծիք | Քաղաքականություն

Տնտեսության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի կոմպլեքսային եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, «Վալդայի» ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչևը Alpha News-ին մեկնաբանել է ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի գնդակոծումը, որի հետևանքով հայկական կողմից կա չորս զոհ և մեկ վիրավոր։

«Հարավային Կովկասում իրավիճակը ավելի ու ավելի է հիշեցնում Մերձավոր Արևելքի իրավիճակը, երբ ամեն ինչ դառնում է առավել ճկուն, խճճված, ոչ գծային, տարբեր հայտարարությունները, զայրացած հայտարարությունները բոլորովին պարտադիր չէ, որ կապված լինեն ինչ-որ գործերի հետ։ Ուստի ես կասեի, որ Հարավային Կովկասը, Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ամբողջությամբ դարձել են Մերձավոր Արևելքի մաս, ինչպես Սիրիան, Լիբանանը, Իսրայելը, Պաղեստինը։

Ինձ թվում է, որ Ադրբեջանի ղեկավարության նման գործողությունները կապված են այն բանի հետ, որ Ադրբեջանը հասկանում է՝ առաջին հերթին իրենք Հայաստանից հակահարված չեն ստանա, դրանից պետք չէ վախենալ։ Երկրորդ, նրանք հասկանում են, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության համար ամենակարևորն այն է, թե ինչպիսին է դա Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում, Հայաստանի և Արևմուտքի հարաբերություններում, և ոչ բուն իրավիճակը տեղում, ոչ հայ զինվորականների ճակատագիրը, ոչ իրավիճակը Ռուսաստանի հետ սահմանին»,- ասել է փորձագետը։

Ինչ վերաբերում է հետագա էսկալացիային, ապա, ըստ փորձագետի, էսկալացիա հնարավոր կլինի, եթե Հայաստանը Ռուսաստանից անցնի դեպի Արևմուտք։

«Ադրբեջանը շահագրգռված է, որպեսզի ՀՀ ղեկավարությունը առավելագույնս օգտագործի նման տեղեկատվական առիթները Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացման համար։ Իսկ էսկալացիան հնարավոր կլինի այն ժամանակ, եթե Հայաստանը Ռուսաստանից հեռանա դեպի Արևմուտք», — եզրափակել է Բորդաչևը։

Հիմա եթերում