Ադրբեջանում պահվող հայերը ենթարկվում են դաժան, անմարդկային վերաբերմունքի. Սիրանուշ Սահակյան
02 Հոկտեմբերի 2025, 17:15
Գերուն չհայրենադարձնելը հանգեցնում է մի շարք իրավունքների խախտման, այդ թվում՝ անձնական ազատության իրավունքի։ Այս մասին «Հայ գերիների պաշտպանությունը. ինչպես օգնել նախկին գերիներին՝ հաղթահարել հետտրավմատիկ խանգարումները» թեմայով մամուլի ասուլիսում հայտարարել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Ինչպես տեսնում ենք, գերությունից վերադարձածներին տրամադրվում է հոգեբանական և սոցիալական աջակցություն, սակայն չափազանց կարևոր է նաև իրավական աջակցությունը, քանի որ գերիների խնդիրը նախ և առաջ իրավական է։ Գերուն չհայրենադարձնելը հանգեցնում է մի շարք իրավունքների խախտման, այդ թվում՝ անձնական ազատության իրավունքի։ Եթե նրանք նաև դատավարությունների մաս են կազմում և հետապնդվում են իրենց կարգավիճակից բխող գործողությունների համար, օրինակ՝ մարտական գործողություններին մասնակցելը կամ օկուպացված տարածքների բնակիչ լինելը, ապա հասկանալի է, որ նրանք պետք է պաշտպանված լինեն արդար դատաքննության իրավունքի շրջանակում», – նշել է Սահակյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ Ադրբեջանում ձևավորվել է հակահայկական քաղաքականություն, որի հետևանքով հայերը ենթարկվում են խտրականության։
«Կարծում եմ՝ նորություն չեմ ասում, երբ նշում եմ, որ Ադրբեջանում ձևավորվել է հակահայկական քաղաքականություն, որի հետևանքով հայերը ենթարկվում են խտրականության և մարդու իրավունքների ծանր խախտումների։ Կան դատական ակտեր, որոնք արձանագրում են այս փաստերը։ Սա պարզապես հայկական կողմի նարատիվը չէ, այլ միջազգային դատական գործընթացներով հաստատված փաստեր են, որոնք պետք է առաջ բերեն նաև իրավական հետևանքներ։