Ադրբեջանում ընտրությունները կստիպեն կարմրել նույնիսկ Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը. Փոլ Գավան

02 Հոկտեմբերի 2024, 21:26

Քաղաքականություն

«Ցանկանում եմ մեծ մտահոգություն հայտնել Ադրբեջանի ավտորիտար վարչակարգի կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ ճնշումների ուժեղացման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքացիների նկատմամբ նրա սարսափելի վերաբերմունքի և հարևան երկրի՝ Հայաստանի նկատմամբ նրա ռազմատենչ և սպառնալից պահվածքի կապակցությամբ»,- այս մասին հայտարարել է ԵԽԽՎ իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանը՝ ԵԽԽՎ-ում «Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի և ժողովրդավարության վատթարացումը» թեմայով քննարկման ժամանակ։

Նա իր ելույթում նաև նշել է․

«Այս տարի այսպես կոչված նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին այնպես, որ նույնիսկ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը կկարմրեր: Նախագահ Ալիևը հինգ անգամ անընդմեջ հաղթել է ընտրություններում այն բանից հետո, երբ 2003 թվականին այդ պաշտոնում փոխարինել է իր հորը: 2009-ի հանրաքվեն վերացրել է նախագահի պաշտոնավարման ժամկետի սահմանափակումը, իսկ 2016-ին ստեղծվել է փոխնախագահի պաշտոնը և, անակնկալ՝ նվերը տրվեց նախագահի կնոջը։

Որպեսզի հասկանալի լինի, մենք խոսում ենք դաժան բռնապետության մասին, որը ղեկավարվում է ընտանեկան մաֆիոզ դինաստիայի կողմից և որը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ու սեփական քաղաքացիների ճնշման համար:

Վերջին տարիներին Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված իրավիճակն էլ ավելի է վատթարացել իրավապաշտպանների, ընդդիմության գործիչների ու անկախ լրագրողների ձերբակալման և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար քաղաքացիների էթնիկ զտումների պատճառով: Կամայական ձերբակալություններն, անժամկետ կալանավորումը, դաժան ծեծը, խոշտանգումները և բռնի անհետացումները դարձել են մարդկանց ամենասարսափելի կերպով ճնշելու համակարգային միջոցներ:

Այս տարի քաղբանտարկյալների թիվը եռապատկվել է, քանի որ ռեժիմը ձգտում է, որպեսզի ընդդիմության բոլոր ձայները լռեցվեն նոյեմբերին կայանալիք COP29 համաժողովի նախաշեմին:

Ցավալի է գիտակցել, որ համաշխարհային տերությունները շարունակում են աջակցել մոլորակի ամենավատ ռեժիմներից մի քանիսին, և փողը հերթական անգամ վտանգում է մարդու իրավունքները: Այս բոլոր գործողությունների լույսի ներքո ակնհայտ է, որ Վեհաժողովը ճիշտ է վարվել՝ հրաժարվելով այս տարվա սկզբին վավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Մեր արժեքները պետք է հիմնված լինեն ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա։

Ադրբեջանական ռեժիմը հավատում է այլընտրանքային պլուտոկրատիայի, խոշտանգումների և ահաբեկչության կառավարմանը: Կարծում եմ, որ ժամանակն է նախաձեռնել Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի միջև լրացուցիչ համատեղ ընթացակարգ՝ կապված Ադրբեջանի կողմից իր կանոնադրական պարտավորությունների բազմաթիվ լուրջ խախտումների հետ»:

Հիմա եթերում