Ադրբեջանը բացահայտ ցեղասպան քաղաքականություն է վարում. Արցախի ԱԳՆ
17 Օգոստոսի 2023, 20:20
Ադրբեջանը բացահայտ ցեղասպան քաղաքականություն է վարում։ Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։
Նախարարը տեղեկացրել է, որ Արցախում ինտերնետի հետ կապված խնդիրներ են առաջացել: «Ադրբեջանական կողմը միտումնավոր խոչընդոտում է Արցախի մասնակցությանը, որպեսզի վերջինս չկարողանա պատմել ծանրագույն իրավիճակի մասին։ Ուստի նախարարն ինքն է ներկայացրել իրավիճակը»,-նշել է Ղազարյանը։
Ղազարյանի փոխանցմամբ` ներկայիս իրավիճակը ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված պատերազմի՝ վարձկանների օգտագործման, Թուրքիայի մասնակցության համար Ադրբեջանի անպատժելիության արդյունքում։ Դրա համար էլ բացահայտ ցեղասպան քաղաքականություն է վարում։
«Երկրներն ու կազմակերպությունները պետք է ջանքեր գործադրեն՝ Ադրբեջանին զսպելու համար: Բաքուն նաեւ փորձում է օգտվել միջազգային «բարենպաստ» իրավիճակից եւ հասնել Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը»,-ընդգծել է նախարարը։
Անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ նիստին՝ նախարարը նշել է, որ նիստի հրավիրումը միայն մեկնարկն է, քանի որ այդ գործընթացը շարունակվելու է։ Ինչ վերաբերում է կարողություններին, ապա Ղազարյանն ընդգծեց, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն հենց այն կառույցն է, որն ունի և՛ կարողություններ, և՛ լիազորություններ՝ կանխարգելելու Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը։