Ադրբեջանը բոլոր մեխանիզմները բանեցնելու է Արցախի նախկին ղեկավարներին դատարանի առջև կանգնեցնելու համար. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի ներպետական քրեադատավարական գործընթացներին որևէ կերպ ներգրավված չէ: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է միջազգային իրավունքի փորձագետ Սիրանուշ Սահակյանը։

«Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի ներպետական քրեադատավարական, քրեաիրավական գործընթացներին որևէ կերպ ներգրավված չէ և, կարծում եմ, չէր էլ կարող լինել, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների սահմանափակման հարց գոյություն ունի, միջազգային պայմանագրերը նախատեսում են հյուպատոսական հասանելիության իրավունք, և տվյալ երկրում հավատարմագրված հյուպատոսները պետք է մուտք գործեն, հանդիպեն այնտեղ պահվող իրենց քաղաքացիներին, հավաստիանան, որ նրանց իրավունքները հարգվում են և այլն:

Թերևս ՀՀ-ի համար կար հյուպատոսական հասանելիության իրավունքը, սակայն հաշվի առնելով հայ-ադրբեջանական փոխհարաբերությունները և դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը՝ նման հասանելիություն չի տրվել, մենք նաև Ադրբեջանում հավատարմագրված հյուպատոսություն, դիվանագիտական ներկայացուցչություն չունենք: Կա մի մեխանիզմ, երբ ՀՀ-ն կարող է այդ իրավունքը իրացնել Ադրբեջանում հավատարմագրված այլ երկրների հյուպատոսական ծառայությունների միջոցով:

Հայաստանը պետք է կարողանար աշխատանք տանել այլ երկրների հետ, նրանց հյուպատոսների միջոցով ապահովել տեսակցելու պայմաններին ծանոթանալու հնարավորությունը: Նման գործընթացներ չեն իրականացվել և կարծում եմ, որ սա մեծ բացթողում է ու բացասաբար է անդրադառնում այնտեղ գտնվող մեր հայրենակիցների իրավունքների վրա»,- նկատել է մեր զրուցակիցը:

Սահակյանը վստահ է՝ Ադրբեջանը բոլոր մեխանիզմները բանեցնելու է հատկապես Արցախի նախկին ղեկավարներին դատարանի առջև կանգնեցնելու համար։

«Ըստ մեր կանխատեսումների՝ հայերը պետք է տարվեին դատարանի առջև, կարծում եմ՝ բոլոր այն հայերը, որոնք չեն հայրենադարձվում և որպես պատրվակ՝ ներկայացվում է ընթացող նախաքննությունը, ինչ-որ մի կետում բերվում են դատարանի առջև: Ադրբեջանական կախյալ հնազանդ դատական համակարգի պայմաններում նրանք վավերացնում են նախագահի վարչակազմում ընդունված քաղաքական որոշումները: Նման ճակատագրի է արժանանալու հատկապես Արցախի նախկին ղեկավարությունը:

Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ մոտալուտ դատավարության մասին հաղորդագրությունը ընդամենը ազդարարում է նախաքննության ավարտը: Մենք ապագայում ցուցադրական դատավարությունների ենք ականատես լինելու: Ադրբեջանական հասարակության մեջ ընկալում կա, որ լինելու է երրորդ Նյուրնբերգյան տրիբունալը, նման սպասումներ կան հասարակության մեջ»,- ասել է Սիրանուշ Սահակյանը:

Իրավապաշտպանը հորդորել է մի փոքր էլ սպասել՝ տեսնելու, թե այս թեման ինչ հնչեղություն կունենա։

«Իհարկե, պետք է մի փոքր սպասել ու տեսնել, թե հանրային հնչեղությունն ինչ աստիճանի է լինելու, որքանով է տեղեկատվությունը կառավարելի լինելու, արդյոք հնարավորություն տրամադրվելու է միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, դեսպաններին կամ դիտորդական առաքելություններին ներկա գտնվել և դիտարկել ընթացող դատավարությունները, թե դռնփակության ռեժիմում փորձելու են կոծկել դատավարական որոշ լրջագույն խախտումներ»,- եզրափակել է Սիրանուշ Սահակյանը: