Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային՝ Արցախին մարդասիրական օգնություն ուղարկելու պատճառով
31 Օգոստոսի 2023, 12:10
Արցախին մարդասիրական օգնություն ուղարկելու պատճառով Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան բողոքի նոտա են հանձնել։
Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ դեսպանին «բողոքի նոտա է հանձնվել Ադրբեջանի ԱԳՆ-ից՝ «հումանիտար բեռի» անվան տակ Լաչինի սահմանային անցակետի ուղղությամբ Ֆրանսիայի մի շարք քաղաքների ղեկավարների և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ուղեկցությամբ ավտոմեքենաներ ուղարկելու, ու այդ անձանց կողմից ընդդեմ Ադրբեջանի սադրիչ հայտարարություններով հանդես գալու առնչությամբ»։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության՝ Ֆրանսիան պետք է դադարեցնի միջազգային իրավունքով պաշտպանվող Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերը:
«Նման գործողությունները սպառնում են տարածաշրջանում միջազգային դերակատարների ակտիվ ջանքերով խթանվող կարգավորման փխրուն գործընթացին»,- նշված է ԱԳՆ-ի հաղորդագրության տեքստում: