Ադրբեջանը ցանկանում է չեզոքացնել հայկական գործոնը հայկական իշխանության ակտիվ քաղաքականությամբ. Արեշև

Ռուս քաղաքագետ, Քաղաքական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացները՝ նշելով, որ Բաքուն ունի մի շարք համալիր պահանջներ։

«Հաշվի առնելով այն, որ բազմիցս խոսվել է խաղաղության պայմանագրի և դրա ստորագրման հեռանկարների մասին, իսկ ես այստեղ լավատես չեմ, ապա ինչ-որ թուղթ հայկական կողմը կցանկանար ստորագրել։ Սակայն Բաքվում բազմիցս հայտարարել են, որ իրենք շահագրգռված են բոլոր հարցերի համալիր լուծմամբ, այդ թվում՝ այն հարցերի, որոնց մասին ադրբեջանական կողմը կտրականապես պնդում է։

Այստեղ խոսքը ոչ միայն Մեղրիի շրջանով արտատարածքային պայմաններով միջանցիկ հաղորդակցության վերականգնման մասին է, այլև մի շարք այլ հարցերի, որոնց մասին Ադրբեջանի նախագահը հրապարակավ հայտարարել է: Դա և՛ սահմանադրական փոփոխություններն են, և՛ որոշ երկրների հետ Հայաստանի ռազմատեխնիկական կապերի սահմանափակումը, և՛ ադրբեջանցիների վերադարձը մի շարք շրջաններ և էլի շատ բաներ։ Եվ ես կարծում եմ, որ երբ հայ դիվանագետները լավատեսորեն են խոսում, նրանք փորձում են ստեղծել իրենց աշխատանքի արդյունավետության պատրանքը»,- նշել է Արեշևը։

Անդրադառնալով Բաքվի պահանջներին՝ փորձագետն ընդգծել է, որ Ադրբեջանը ձգտում է տարածաշրջանում հայկական գործոնի չեզոքացմանը՝ գործող հայկական իշխանության ակտիվ քաղաքականության պայմաններում:

«Բաքուն պահանջում է միջանցք, անկլավներ, սահման, 300.000 տեղահանվածների վերադարձ և այլն: Այսինքն՝ ցանկանում է տարածաշրջանում հայկական գործոնի ամբողջական չեզոքացում, ինչին ակտիվորեն նպաստել է Հայաստանի ներկայիս իշխանության քաղաքականությունը վերջին մի քանի տարիների ընթացքում, որը մենք շարունակում ենք դիտարկել այսօր, այդ թվում՝ հայ-թուրքական շփումների կտրուկ ակտիվացման առումով։

Ինձ թվում է, որ կողմերը հետևողականորեն շարժվում են այս ուղղությամբ, և հնարավոր է, որ հարցը ինչ-որ կերպ մասամբ լուծվի՝ հաշվի առնելով թուրքական բավական լուրջ ներկայությունը Հայաստանում։ Հայ-թուրքական սահմանի անցակետի բացման հետ կապված քայլերը, որը վերջերս վերականգնվել է, իմ կարծիքով, 1 մլրդ դրամով, բավականին տրամաբանական շարունակությունն են այն բոլոր ջանքերի, որոնք ձեռնարկվել են վերջին շրջանում։ Այլ բան է, թե դա ինչ հետեւանքներ կունենա Հայաստանի համար…»,- եզրափակել է Անդրեյ Արեշևը։