Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ. Էլչին Ամիրբեկով

21 Հոկտեմբերի 2024, 12:33

Քաղաքականություն

Ադրբեջանն անիրատեսական և անընդունելի է համարում խաղաղության պայմանագիր կնքելու Հայաստանի առաջարկը, որում դեռևս համաձայնեցված չեն մի քանի կարևոր հոդվածներ։ Այս մասին նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Նույնիսկ վաղն անավարտ, կիսատ համաձայնագրի ստորագրման առաջարկը ոչ միայն անիրատեսական է և անընդունելի, այլև ապակողմնորոշող։ Կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն պայմանագրի նախագծի մի քանի կարևոր դրույթ, որոնք բաց են, առանց որոնց փաստաթուղթը կլինի կոպիտ և թերի»,- ասել է նա։

Ամիրբեկովն ասել է, թե խաղաղության հասնելու միակ խոչընդոտը իբր «Հայաստանի տարածքային պահանջներն են Ադրբեջանի նկատմամբ:

«Եթե Սահմանադրությունը թողնենք ներկայիս տեսքով, ապա խաղաղության պայմանագիրը կարճատև կլինի, քանի որ Հայաստանի ցանկացած նոր ղեկավարություն, որը դեմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը, պարզապես կչեղարկի այն՝ պատճառաբանելով համաձայնագրի անհամապատասխանությունն ամենաբարձր իրավական ուժ ունեցող Սահմանադրությանը։ Այսինքն՝ Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ թե վարչապետ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը հավելել է, որ պաշտոնական Բաքուն դեռ մեծ նշանակություն է տալիս դրա բացմանը։

«Սակայն, համաձայնվելով այն դուրս բերել խաղաղության համաձայնագրի շրջանակներից, Ադրբեջանը չի ցանկանում խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները տապալելու համար քննադատության արժանանալ»,- ընդգծել է Ամիրբեկովը։