Ադրբեջանը չի պատրաստվում սահմանափակվել Արցախով, նրան պետք է Սյունիքը, Վայոց Ձորը, Գեղարքունիքը, Տավուշը. Սերգեյ Մելքոնյան

26 Սեպտեմբերի 2023, 22:30

Քաղաքականություն

Ադրբեջանը չի պատրաստվում սահմանափակվել Արցախով, նրան պետք է նաև Սյունիքը, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի և Արարատ մարզերը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը և Թուրքիան արդեն իսկ հետևողական աշխատում են այդ ուղղությամբ։

«Երբ սկսում ենք ուսումնասիրել Ադրբեջանի պետական մամուլը, նկատում ենք, որ Հայաստանի այդ մարզերը թուրքական անուններով են նշված։ Օկուպացված Արցախի տարածքներում բացված նոր ադրբեջանա-թուրքական զորամասերում քարտեզներն արդեն փոխվել են։ Նրանք նշում են, որ առնվազն 300 բնակավայրեր պիտի վերադարձվեն, ուսումնասիրելուց հետո հասկանում ես, որ դա վերաբերում է Հայաստանի առնվազն 70 տոկոս տարածքներին։ Այո, դա չի լինի մեկ օրվա մեջ, բայց քայլ-քայլ այդ նպատակի ճանապարհին է Ադրբեջանը»,- նշեց Մելքոնյանը։

Նա վստահ է՝ եթե Հայաստանը շարունակի նույն կերպ գործել, կես տարի հետո պետք է օգնենք նաև Սյունիքի մեր հայրենակիցներին։

«Եթե Հայաստանը նույն քաղաքականությունը վարի, ապա այն մարդիկ, որոնք այսօր օգնում են Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, կես տարի հետո պետք է նույն կերպ օգնեն Սյունիքի ժողովրդին, մի տարի հետո` Վայոց Ձորի և այդպես շարունակ»,- նշեց Մելքոնյանը։