Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն այս պահին իր մոտ գտնվող հայ գերիներով. Քրիստինե Վարդանյան

23 Դեկտեմբերի 2024, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Ամոթալի պատկեր է ցանկացած հայի՝ Բաքվի բանտում դատվելը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ Հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Քրիստինե Վարդանյանը։

«Ադրբեջանը պահանջում է ավելին, Ադրբեջանը ունի հայ մարդկանց անվանացանկ, որոնց ինքը ուզում է տեսնել Բաքվի բանտերում։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանի դատախազությունը օրերս դիմել է ՀՀ դատախազությանը՝ կոչ անելով համագործակցել ու դատել Բաքվի բանտում գտնվող հայերին։ Թե սա ինչ կարող է նշանակել, մենք միայն պատկերացնել կարող ենք»,- ասել է Վարդանյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ոչ միայն զինվորականին, այլ, առհասարակ, հայ մարդուն է Ադրբեջանը հանցագործ համարում։

«Ոչ միայն Հայաստանի սահմանները երբևէ պաշտպանած մարդն է Ադրբեջանի համար դիտվում որպես հանցագործ, այլ ընդհանրապես, հայ մարդը, Արցախ այցելած հայը Ադրբեջանի համար հանցագործ է։ Այսինքն՝ մենք պիտի առաջնորդվենք նրանով, որ մենք բոլորս Ադրբեջանի համար հանցագործներ ենք»,- նկատել է Քրիստինե Վարդանյանը։

Մեր զրուցակիցն ասել է, որ նույնիսկ միջազգային փաստաբանական խումբը չի կարողանում ճնշում բանեցնել պաշտոնական Բաքվի վրա։

«Եթե ունենայինք հայկական շահերով առաջնորդվող իշխանություն, ապա, օրինակ, COP 29-ը հարմար առիթ էր կարևոր թեմաներ բարձրաձայնելու համար, ցույց տալու, թե Ադրբեջանը ինչպես է խախտում մարդու իրավունքները»,- եզրափակել է Քրիստինե Վարդանյանը։