Ադրբեջանը չի ստորագրի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը Փաշինյանի առաջարկած ձևաչափով. Ադրբեջանի ԱԳՆ

17 Սեպտեմբերի 2024, 16:35

Քաղաքականություն

Ադրբեջանի իշխանությունները չեն պատրաստվում Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրն այնպես, ինչպես առաջարկում է Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի պաշտոնյաները սահմանափակվել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ հիմնականում հակասական հայտարարություններով։ Դրանք խեղաթյուրում են խաղաղ գործընթացի իրողությունները։ Հայկական կողմն առաջարկում է կնքել խաղաղության պայմանագիր՝ հիմնվելով ներկայումս համաձայնեցված դրույթների վրա։ Սակայն ադրբեջանական կողմը նման մոտեցումն անընդունելի է համարում և բազմիցս հայտարարել է այդ մասին։ Կա կանոն, որ փաստաթուղթը համաձայնեցված չի համարվում, քանի դեռ դրա բոլոր կետերը համաձայնեցված չեն», — հայտարարել է նա։

Ըստ Հաջիզադեի՝ «նախագծի շուրջ բանակցություններն ընթանում են դռնփակ, կարելի է միայն ասել, որ այս պահին դրույթների մոտավորապես 80 տոկոսը համաձայնեցված է»։

«Ընդհանուր առմամբ, համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանը նախ պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը ներկայումս տարածքային պահանջներ է պահպանում Ադրբեջանի նկատմամբ։ Քանի դեռ Հայաստանի օրենսդրական ակտերից չեն բացառվել այդ պնդումները, երկու երկրների միջև խաղաղության մասին խոսք լինել չի կարող», — հայտարարել է նա։