Ադրբեջանը ծրագրում է վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող

01 Դեկտեմբերի 2023, 17:58

Քաղաքականություն

Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում մշտական ներկայացուցչությունն է, հրապարակել է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությունը Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական նշանակալի վայրերի վիճակի մասին։

ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողն Ադրբեջանին ուղղված հաղորդագրության մեջ մտահոգություն է հայտնել «հայկական պատմական, մշակութային և կրոնական նշանակալի վայրերի և օբյեկտների ոչնչացման և յուրացման շարունակական գործունեության, հայերի ներկայության հետքերը ջնջելու նպատակով Լեռնային Ղարաբաղի պատմության կազմակերպված վերաիմաստավորման, ինչպես նաև տարածաշրջանում հայերի նկատմամբ խտրականության և մարդու իրավունքների ու միջազգային մարդասիրական իրավունքի միջազգային չափանիշների խախտմամբ իրականացվող ճնշումների վերաբերյալ:

«Ինձ հատկապես անհանգստացնում են այն պնդումները, որ մարդկանց, հուշարձանների և խորհրդանիշների վրա համակցված հարձակումները, պատմության կեղծումը, տեղանունների ջնջումն ու հայերի մասին բացասական խոսակցությունները կարող են վերածվել մշակութային զտումների»,- ասել է ՄԱԿ-ի զեկուցողը: