Ադրբեջանը դարձել է անկառավարելի. Ալեքսանդր Լապշին

12 Հուլիսի 2024, 01:00

Քաղաքականություն

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Alpha News-ի եթերում մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագրի ստորագրման հավանականությունը և նշել, որ Ադրբեջանը օկուպանտ է, և դա բոլորը գիտեն։

«Ի վերջո, կլինի հաշտության պայմանագիր, բայց ոչ շատ մոտ ապագայում, և միգուցե դա չլինի այնպես, ինչպես կցանկանային տեսնել Հայաստանի բնակիչները։ Ես կողքից եմ նայում և տեսնում եմ, որ Հայաստանը գնում է այդ բանակցություններին՝ բացարձակապես անպատրաստ։ Ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում Տավուշում և փորձում եմ հնարավորինս չեզոք նայել դրան։

Փաշինյանը ցանկանում է նահանջել դեպի խորհրդային սահմաններ, քանի որ, ինչպես գիտենք, Տավուշում ղարաբաղյան առաջին պատերազմում հայկական ուժերը մի փոքր առաջ են գնացել ադրբեջանական կողմ, իսկ ադրբեջանական ուժերը՝ հայկական կողմ։ Բայց հետո ինչ-որ ստատուս քվո կար։

Այսօր ստացվում է, որ Ադրբեջանը Ջերմուկի, Վերին Շորժայի և Սյունիքի շրջանում հայկական հողերի օկուպացիան բացատրում է նրանով, որ չկա խաղաղության պայմանագիր։ Ըստ այդմ, իրենք են որոշում, թե որտեղ են անցնում սահմանները։ Ուստի, եթե Հայաստանը պաշտոնապես վերադառնում է խորհրդային սահմաններին, ապա այսօր Ադրբեջանը պաշտոնապես օկուպանտ է։

Ո՞րն է խնդիրը: Այն, որ Ադրբեջանը օկուպանտ է, հայտնի է։ Հայաստանը կարող է հանձնել այնքան տարածք, որքան ուզում է։ Բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանն ի պատասխան հանձնելու է հայկական հողերը։

Օրինակ՝ հայկական Արծվաշենի անկլավը, և եթե նայեք Google քարտեզներին, կարող եք տեսնել, թե ինչպես է Ադրբեջանը հայկական տարածքներում իր դիրքերը կառուցում հենց հայկական տարածքում ՝ բառացիորեն 2 կմ բուն Հայաստանի խորքում ։

Ինձ համար դժվար է պատկերացնել, որ երբ պայմանագիրը ստորագրվի, Ադրբեջանը կհրաժարվի իր ամրություններից, կտա հայկական կողմին և մի քանի կիլոմետր կնահանջի։ Ինձ համար դժվար է պատկերացնել, բայց ամեն դեպքում, կարծում եմ, որ եթե արդեն որոշված է ինչ-որ տարածքներ հանձնել, ապա պետք է նախապես պատրաստվեն նոր ամրացված տարածքներ։

Այսինքն՝ եթե Հայաստանը ինչ-որ տեղ նահանջում է, ապա անհրաժեշտ է նախ կառուցել նոր պաշտպանական գիծ, հետո միայն թողնել հինը։ Դե, այն, ինչ ես տեսնում եմ, դա տեղի չունեցավ:

Այսօր Ադրբեջանը վերահսկում է Երևանից Թբիլիսի տանող գլխավոր ճանապարհը։ Ցանկացած մեքենա, որն անցնում է այնտեղով, գտնվում է ադրբեջանցի զինվորականների թիրախում։

Խնդիրն այն է, որ Ադրբեջանը շատ պրոֆեսիոնալ կերպով փորձում է միաժամանակ երեք աթոռի վրա նստել։ Այսինքն՝ Ադրբեջանը մի կողմից խաղում է Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ ապահովում է նավթի և գազի մատակարարումների որոշակի կայունություն Թուրքիայի և Արևմուտքի նկատմամբ։ Մի քանի ամիս առաջ եվրոպացի քաղաքական գործիչներից մեկն ինձ ասաց, որ, մեծ հաշվով, մեզ չի հետաքրքրում, թե Ղարաբաղն ում է պատկանում։ Դե, ով կարողացավ իրեն միացնել, թող իրեն էլ պատկանի։ Փաստն այն է, որ նրանք նպատակ ունեն Ռուսաստանին հեռացնել տարածաշրջանից»,- ասել է Ալեքսանդր Լապշինը։