Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի նոր առաջարկներին․ փոխվարչապետ

04 Սեպտեմբերի 2023, 13:10

Քաղաքականություն

Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ  հայկական կողմի նոր առաջարկներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Իմ ունեցած տեղեկություններով՝ դեռևս արձագանք չկա վերջին առաջարկի վերաբերյալ»,- ասել է Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանը արձագանքել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ  Հայաստանի՝ վերջերս փոխանցված առաջարկներին։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ հայտնել էր, որ հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ  իր նոր առաջարկները։