Ադրբեջանը դիտարկում է Եվրոպայի Խորհրդից դուրս գալու ընթացակարգը. ԶԼՄ-ներ

25 Հունվարի 2024, 17:45

Քաղաքականություն

Բաքուն քննարկում է Եվրոպայի Խորհրդից Ադրբեջանի դուրս գալու ընթացակարգը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով հանրապետության կառավարության աղբյուրներին:

«Չնայած ԵԽԽՎ երեկվա նիստում նշվել է, որ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակումը չի նշանակում դադարեցնել Ադրբեջանի մասնակցությունը Եվրոպայի խորհրդի այլ կառույցներում, Բաքուն այլ դիրքորոշում ունի: Ստացված տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանը մտադիր չէ համակերպվել այդ անարդար և կանխակալ վերաբերմունքի հետ և ներկայումս դիտարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև ընդհանրապես Եվրոպայի Խորհրդից դուրս գալու ընթացակարգը: Ադրբեջանը կարող է նաև հրաժարվել ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունը», — ասվում է հաղորդագրության մեջ։

Նախօրեին ԵԽԽՎ պատգամավորները հրաժարվել են վավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ երկրի կողմից Եվրոպայի Խորհրդի առջև ստանձնած պարտավորությունները չկատարելու պատճառով: Այս որոշումից հետո, ընթացակարգային կանոնների համաձայն, Բաքուն չի կարողանա մասնակցել ԵԽԽՎ աշխատանքներին առնվազն մեկ տարի՝ մինչև հաջորդ ձմեռային նստաշրջանը: Միևնույն ժամանակ բանաձևում ընդունված փոփոխության մեջ ամրագրված է, որ Ադրբեջանի պատվիրակությունը «կկարողանա վերսկսել իր աշխատանքը, երբ պահպանվեն կանոնակարգով նախատեսված պայմանները»:

Խոսքն առաջին հերթին վերաբերում է անդամ պետությունների պարտավորություններին՝ թույլ տալ, որ ԵԽԽՎ մոնիտորինգային և դիտորդական առաքելություններն աշխատեն։ Ադրբեջանի պատվիրակությունը չսպասեց այդ բանաձևի քվեարկության արդյունքներին և բանավեճի մեկնարկից մի քանի ժամ առաջ պաշտոնապես հայտնեց, որ դադարեցնում է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ: