Ադրբեջանը ԵԱՀԿ-ին մեղադրել է «տարիներ շարունակ անարդյունավետության մեջ»

02 Դեկտեմբերի 2023, 15:50

Քաղաքականություն

Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ ԵԱՀԿ-ն հնարավորություն ուներ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորմանը, սակայն այդ հնարավորությունը բաց է թողել:

«Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) տարիներ շարունակ ցուցադրում է իր անարդյունավետությունը։

ԵԱՀԿ-ն միակ կազմակերպությունն էր, որին հանձնարարվել էր վերացնել Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի հետևանքները։ Սակայն տարիներ շարունակ այն անարդյունավետ է գտնվել Հայաստանի անօրինական գործունեության դեմ պայքարում։ Կազմակերպությունն անտեսել է մեր օրինական կոչերը և համակերպվել ադրբեջանական տարածքների օկուպացիայի կարգավիճակի հետ», — ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Բայրամովը՝ ելույթ ունենալով Սկոպյեում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն հնարավորություն ուներ մասնակցելու հակամարտության կարգավորմանը, սակայն, ցավոք, այդ հնարավորությունը բաց է թողել։

«Կազմակերպությունը նախկինի պես չի կարող բավարարել Ադրբեջանի օգնության խնդրանքները այն նախագծերում, որոնք կապված են տարածաշրջանում հետպատերազմյան վերականգնման հարցերով գործող պարտավորությունների հետ», — հավելել է Բայրամովը: