Ադրբեջանը էսկալացիա է պատրաստում, նպատակը Հայաստանի տարածքով միջանցքն է. Արտյոմ Տոնոյան
27 Օգոստոսի 2024, 22:00
Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆը վերջերս գիրք է հրատարակել, որտեղ անդրադարձ է կատարվում նաև հայ-ադրբեջանական հարբերություններին։ Ուշագրավ է, որ 2020 թ-ի պատերազմի ամենածանր օրերին Իրանի նոր ԱԳ նախարար Աբբաս Արաղչին եկել էր Հայաստան և վարչապետ Փաշինյանին առաջարկել հրադադարի տարբերակ, որը 2 շաբաթ հետո պետք է առաջարկեր Ռուսաստանը։ Սակայն, ըստ իրանական կողմի, ի տարբերություն Ադրբեջանի և Թուրքիայի՝ Հայաստանը մերժել էր այդ տարբերակը։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է արևելագետ Արտյոմ Տոնոյանի հետ։
«Թե ինչու է Հայաստանը մերժել Իրանին, պետք է նշեմ, որ դա ճիշտ կլիներ քննարկել այն համատեքստում, թե ինչու էր ընդհանրապես կնքվել հրադադար, կամ ինչու է Հայաստանը գնացել հրադադարի նման պայմաններով, կամ եթե պետք է լիներ հրադադար, ինչու գնացինք պատերազմի ճանապարհով։ Կարծում եմ՝ մեծ հաշվով բովանդակությունը շատ տարբեր չէր լինի այն առաջարկություններից, որոնք արել էր Ռուսաստանը։ Ես որպես ելակետ ընտրում եմ այն հանգամանքը, որ դա եղել է առաջարկների փաթեթ, որն ընդունել են Թուրքիան ու Ադրբեջանը։ Սա արդեն իսկ հուշում է, թե մոտավորապես ինչ փաթեթ էր դա։ Դա ենթադրում էր վերադարձ, տեղի բնակչությունը պետք է մնար իր տեղում, պետք է ապահովվեր անվտանգությունը։ Բայց երբ մերժվեց Արաղչիի առաջարկների փաթեթը, հոգևոր առաջնորդը ներկայացրեց իր հայեցակարգը թեմայի վերաբերյալ, ու հիշում եմ՝ նշված էր, որ արցախցիները պետք է շարունակեն ապրել ԼՂ-ում»,- նշեց Տոնոյան։
Արևելագետի խոսքով՝ իրանցի փորձագետները դեռ տարիներ առաջ կանխատեսում էին, որ հաջորդ պատերազմը լինելու է դեպի Նախիջևան ցամաքային ճանապարհի համար։
«Տարիներ առաջ, երբ չկար պատերազմ, իրանցի մեր գործընկերների հետ խոսում էինք, և նրանք նշեցին, որ հաջորդ պատերազմը լինելու է դեպի Նախիջևան ցամաքային կապն ապահովելու համար։ Նախիջևանի խնդիրը կա նաև այսօր, և ինչքան էլ Իրանն առաջարկում է սեփական տարածքով դեպի Նախիջևան ելք, ըստ իս, Ադրբեջանի համար դա լուծում չէ։ Եվ Ադրբեջանը հայ գործիչների հետ քննարկումների ժամանակ այս հարցը մանիպուլացնում է՝ նշելով, որ եթե չեք ուզում, տեսեք Իրանը կա, այնտեղով կարող ենք ճանապարհ բացել, բայց դա նրանց ձեռնտու չէ, քանի որ տասնապատիկ երկարելու է իրենց ուղին։ Այսինքն՝ այն, ինչ առաջարկում է Իրանը, Ադրբեջանն ունի դա, և Իրանի առաջարկը նորություն չէ Ադրբեջանի համար, և ինչքան էլ Բաքուն հայտարարի, թե ունեն լուծում, մի բան կասեմ՝ այդ ամենը մանիպուլյացիա է Հայաստանի հետ քննարկումների համար, քանի որ իրենց հենց Հայաստանն է պետք։ Եվ չնայած նրան, որ Հայաստանը համաձայն է միջանցք տրամադրելուն՝ պայմանով, որ նաև այն պետք է վերահսկի, Ադրբեջանը դեմ է դրան և այլ կարգավիճակով ճանապարհ է ուզում»,- եզրափակեց Տոնոյանը։