Ադրբեջանը գիտեր, որ մենք այդ առաջարկից չենք օգտվելու․ Արամ Հարությունյան
21 Հուլիսի 2023, 22:46
Արցախում անընդունելի են համարում Ակնայով (Աղդամ) Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունը եւ համարում են, որ դա առաջարկություն էր ՝ առաջարկության համար, որովհետեւ Ադրբեջանը հրաշալի գիտեր, որ այդ առաջարկից Արցախը չի օգտվելու։ Alpha News-ի ուղիղ եթերում այս մասին ասել է Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը։
«Մենք այս մասով ասել ենք, որ սա անընդունելի է մեզ համար։ Կա նոյեմբերի 9 հայտարարությունը , որտեղ հստակ ֆիքսված է, որ Արցախը Հայաստանի հետ կապվում է Լաչինի միջանցքով եւ Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Կարծում եմ՝ սա ուղղակի առաջարկ էր՝ առաջարկության համար։ Ադրբեջանը գիտեր, որ մենք այդ առաջարկից չենք օգտվելու»,-ասել է Հարությունյանը՝ շեշտելով, որ արցախցին աշխատում է եւ իր աշխատանքի արդյունքում կարող է ինքն իրեն ապահովել, խնդիրն այն է, որ մատակարարումների ճանապարհը պետք է բաց լինի։
Հարությունյանը շեշտել է՝ ադրբեջանական կողմը , պարզապես, դիվանագիտական նոր թեզ դրեց շրջանառության մեջ։
«Իհարկե, ցավալի էր, որ նրանց հաջողվեց հասնել նրան, որ հայտարարության մեջ այդ թեզը հնչի եւ, փաստացի, Միշելը իր հայտարարության մեջ փորձեց հավասարության նշան դնել այդ ճանապարհի եւ Լաչինի միջանցքի միջեւ, ինչն անընդունելի է»,-շարունակել է Հարությունյանը ՝ ընդգծելով, որ պետք էր ամեն ինչ անել, որ այդ թեզը, եթե անգամ բանակցային սեղանին հնչել էր, հայտարարության մեջ տեղ չգտներ։
Անդրադառնալով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հնարավորության վերաբերյալ հարցին, Արամ Հարությունյանն ասել է․
«Այլ կարծիք չկա, մենք բոլորս էլ ասում ենք, որ երկխոսությունը միանշանակ ողջունելի է եւ անհրաժեշտ է, խնդիրն այն է, թե ինչ ձեւաչափով պետք է այդ երկխոսությունն ընթանա։ Մեզ համար միակ ընդունելի ձեւը միջազգային մեխանիզմների շրջանակում է, եւ սա ոչ թե քմահաճույք է, այլ կարեւոր հարց, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նունիսկ ՌԴ-ի եւ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չի պահպանում։ Դիցուք, պատկերացնենք՝ արցախյան կողմի հետ որեւէ պայմանավորվածություն կա, մենք պետք է ունենանք երաշխավորի մեխանիզմ, այսինքն, պետք է լինի երրորդ կողմ, որը հենց այդ երաշխավորը կլինի, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։
Միջազգային մեխանիզմ ասելով՝ մենք հենց սա ենք պատկերացնում։ Միակ ընդունելի բանակցային ձեւաչափը մեզ համար սա է եւ միայն այդ պարագայում կարելի է շոշափելի արդյունքներ գրանցել եւ ապագայում հույս ունենալ, որ այդ արդյունքները կպահպանվեն»։
Հարությունյանը նշել է, որ իրավիճակն Արցախում օրհասական է՝ խանութները դատարկ են, մեկ ամսից ավելի է՝ վառելիք չկա եւ մարդիկ ոտքով պետք է քաղաքի մի ծայրից մյուսը տեղափոխվեն։ Նրա խոսքով, արդեն դեֆիցիտ է առաջանում ոչ միայն կոմֆորտի գոտում, այլեւ անգամ այն ոլորտներում, որտեղ հնարավոր չէ տնտեսել, օրինակ Շտապ օգնության մեքենաները չեն գործում։ Ըստ նրա, տպավորություն է, թե աշխարհում եւ անգամ Հայաստանում ստեղծված իրավիճակի ընկալումն ամբողջական չէ։