Ադրբեջանը գործում է ուժեղի իրավունքով և հայտարարում, որ չի լքի գրավյալ տարածքները. Անդրեյ Արեշև

13 Հունվարի 2024, 14:52

Կարծիք | Քաղաքականություն

Alpha News-ի ուղիղ եթերում Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության կորստից հետո, որը շատ կարևոր է Սյունիքի պաշտպանության տեսակետից, վտանգի տակ է հայտնվել բուն Հայաստանի անվտանգությունը։

«Ալիևի հարցազրույցի լուրջ հարցերից մեկը հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցն է։ Բայց այստեղ հարցերի համալիր կա, որովհետև հայկական կողմը երկար ժամանակ հղում էր անում ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզներին, այլ փաստաթղթերի՝ առաջարկելով դրանք հիմք ընդունել դելիմիտացիայի և դեմարկացիայի համար։ Բայց Ադրբեջանը փորձելու է գործել ուժեղի իրավունքով, և նույնիսկ պաշտոնապես հայտարարել է, որ այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին տարիների սահմանային միջադեպերի ժամանակ, իրենք չեն լքելու։ Սա բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերի կտրուկ թուլացման հետևանքներից մեկն է, որը, ինչպես ոմանց թվում էր, սահմանափակվում էր միայն Ղարաբաղով։ Սակայն հայ-ադրբեջանական հակամարտությունը շատ ավելի լայն է, քան Ղարաբաղի հակամարտությունը, և միայն Ղարաբաղով գնելն, անշուշտ, չի ստացվի։

Չէ որ մենք գիտենք, որ բանակցային գործընթացը, որը տևել է և մինչև 2020 թվականը, և Քի Ուեսթում, և այլ բանակցային ձևաչափերում, քննարկվել է հայկական կողմի համար ավելի շահեկան դիրքերից։ Բայց Սյունիքի պաշտպանության տեսանկյունից շատ կարևոր Արցախի Հանրապետության կորստից հետո հենց Հայաստանի անվտանգությունը վտանգի տակ է հայտնվել։ Հայերից ոմանք նույնիսկ ասում էին՝ ով տիրապետում է Ղարաբաղին, տիրապետում է Սյունիքին։

Նույնիսկ Ադրբեջանի նախագահի ավելի վաղ հայտարարություններից երևում է, որ դրանք հստակ կապում են Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի հնարավորությունը նախկին Ադրբեջանական ԽՍՀ բնակիչների և նրանց ժառանգների վերադարձի հետ Սյունիքի և Գեղարքունիքի տարածքներում, հնարավոր է նաև այլ տարածքներ:

Այսինքն, այս հարցը բավականին համալիր կերպով մշակվում է, ուսումնասիրություններ են տարվում գրեթե յուրաքանչյուր առանձին գյուղի վերաբերյալ՝ ապացուցելու համար, որ դրանք պատկանում են այսպես կոչված արևմտյան Ադրբեջանին։ Դա դեռ չի կարող դրսևորվել ռազմական էքսպանսիայի տեսքով, քանի որ կոշտ էսկալացիան և լայնածավալ հարձակումները կառաջացնեին միջազգային հանրության, ինչպես նաև Ադրբեջանի դե ֆակտո դաշնակիցների արձագանքը, որոնք դժվար թե հավանություն տային դրան», — նշել է փորձագետը։

Հիմա եթերում