Ադրբեջանը «հակասական» է որակել ԵԱՀԿ ԽՎ նիստում Փաշինյանի ելույթը

19 Նոյեմբերի 2023, 16:05

Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի ելույթին ԵԱՀԿ ԽՎ նիստում՝ նրա արտահայտած մտքերը որակելով «հակասական»։

«Անընդունելի է, որ հայկական կողմը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանություններ ներկայացնելու և բանակցություններ սկսելու փոխարեն Ադրբեջանին մեղադրանքներ է ներկայացնում։

Մենք կոչ ենք անում հայկական կողմին, որը շարունակում է ագրեսիվ զրպարտիչ հռետորաբանություն կիրառել մեր երկրի դեմ՝ օգտագործելով տարբեր միջազգային հարթակներ, դադարեցնել խաղաղության հեռանկարներին վնասող հայտարարությունները և օգտագործել Հարավային Կովկասի տարածաշրջանը խաղաղության և համագործակցության տարածքի վերածելու համար ստեղծված պատմական հնարավորությունները»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկվա իր ելույթում Փաշինյանն ասել էր, որ «Երևանն ու Բաքուն դեռևս խոսում են ամենատարբեր դիվանագիտական լեզուներով և շատ հաճախ չենք հասկանում իրար»։

«Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ և ըստ էության պաշտոնական մակարդակում ՀՀ-ն սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»։ Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում և խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է»,- ասել էր  նա: