Ադրբեջանը հաղթական երթի թեժ պահին կարող է մեծ պահանջներ ներկայացնել Հայաստանին. Բոգդան Բեզպալկո
24 Սեպտեմբերի 2024, 21:30
Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններին:
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի ղեկավարության վրա ճնշում են գործադրում միջազգային ուժերը, որոնք շահագրգռված չեն խաղաղության պայմանագրի կնքմամբ:
«Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու է Հայաստանի և Ադրբեջանի ողջ բնակչության համար այդքան կարևոր փաստաթուղթը, ինչպիսին խաղաղության պայմանագիրն է, գաղտնի պահվում։ Այն փոխվում է, կամ գուցե այնտեղ իրականում ինչ-որ կետեր կան, որոնք անընդունելի են կողմերից մեկի համար։ Կցանկանայի այս ամենի մասին շատ մանրամասն իմանալ։ Բայց ես կարող եմ ենթադրել, որ առաջին տարբերակն իսկապես Հայաստանի համար անընդունելի կետեր է պարունակում։ Երկրորդ տարբերակն այն է, որ Հայաստանի ղեկավարության վրա ճնշում են գործադրում ինչ-որ միջազգային ուժեր, որոնք ընդհանրապես շահագրգռված չեն խաղաղության պայմանագրի կնքմամբ, որոնց համար կարևոր է պահպանել Կովկասում հակամարտություն հրահրելու հնարավորությունը։
Եթե չկա խաղաղության պայմանագիր, միշտ կարելի է կազմակերպել ինչ-որ փոխհրաձգություն, անօդաչու հարված, մահափորձ կամ որևէ այլ բան, որից հետո հակամարտությունը կարող է կրկին բռնկվել հեշտությամբ և արագ: Հատկապես, եթե խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։ Որովհետև եթե պայմանագիրը ստորագրվի, ապա բոլոր միջադեպերը կլուծվեն միջկառավարական, միջպետական հարաբերությունների շրջանակներում, կհետաքննվեն և այլն։ Կլինի ինչ-որ իրավական բազա, իսկ եթե այդ իրավական հիմքը չկա, ապա միշտ կարող ենք բորբոքել այս կրակը», — ասել է Բեզպալկոն։
Քաղաքագետի խոսքով՝ չի բացառվում, որ Ադրբեջանը կարող է ինչ-որ մեծ պահանջներ առաջ քաշել Հայաստանի նկատմամբ:
«Ինձ թվում է, որ Ադրբեջանը շահագրգռված է խաղաղության պայմանագրով, նախ այն պատճառով, որ նա փաստացի ռազմական հաղթանակ է տարել, երկրորդ՝ նա չի ցանկանում պատերազմի շարունակություն, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցում է Կովկասում Իրանի, Ռուսաստանի և այլ պետությունների մասնակցությամբ հակամարտության հրահրման ողջ վտանգը, որի շրջանակներում Ադրբեջանը կկորցնի շատ ավելին, քան ձեռք է բերել։ Բացի այդ, կան իսկապես որոշակի միջազգային ուժեր, որոնք հետաքրքրված են այս հակամարտությամբ։ Բայց ես չեմ բացառում, որ Ադրբեջանը հաղթական երթի թեժ պահին կարող է ինչ-որ գերպահանջներ առաջ քաշել Հայաստանի նկատմամբ։ Հնարավոր կլինի որոշակի բան ասել այն ժամանակ, երբ մենք կտեսնենք կոնկրետ խաղաղության պայմանագրի տեքստը», — եզրափակել է Բեզպալկոն։