Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կոնսենսուս է ձևավորում, որ հարձակման դեպքում հայտարարի` այլ տարբերակ չկար. Սերգեյ Մելքոնյան

18 Դեկտեմբերի 2024, 22:10

Քաղաքականություն

Ռուսաստան-Ադրբեջան օրակարգը Բաքուն փորձում է փաթեթավորել հակահայկական հարցերի շուրջ: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է պ.գ.թ., արևելագետ, «ԱՊՐԻ Արմենիա»-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը:

«Ալիևի հարցազրույցի մեծ մասը նվիրված էր Հայաստանին: Ռուսաստան-Ադրբեջան օրակարգը Բաքուն փորձում է փաթեթավորել հակահայկական հարցերի շուրջ: Այդ հարցերից մեկն այն է, որ փաստացի, ԵՄ դիտորդական առաքելությունը չպիտի լինի Հայաստանի հետ սահմանին, որովհետև այս կետի տակ մտնում են նաև Ռուսաստանի սահմանապահ զորքերը, որոնք գտնվում են Ադրբեջան-Հայաստան ու Հայաստան-Արցախ սահմանին: Հաշվի առնելով, որ Հայաստանը որոշում ընդունեց` այնտեղ Ռուսաստանի զորքերը չեն տեղակայվելու, հետևաբար, մնում են ԵՄ դիտորդները»,- ասել է Մելքոնյանը:

Մեր զրուցակիցը նշել է, որ Ալիևն ամեն ձևով փորձում է ցույց տալ, թե կիսում է Ռուսատսանի օրակարգը, բայց դա այդպես չէ:

«Ալիևի հարցազրույցի գաղափարը հետևյալն էր՝ ցույց տալ, որ Ադրբեջանը գրեթե լիովին կիսում է Ռուսաստանի օրակարգը, բայց իրականում դա այդպես չէ, այլ ցույց տալ, որ Հայաստանը դեմ է Ռուսաստանի օրակարգին: Սա հնարավորություն է տալիս Ադրբեջանին ու Ալիևին ստանալ չեզոք դիրք Ռուսաստանի կողմից այն դեպքում, երբ Ադրբեջանը որոշի հարձակվել Հայաստանի վրա:

Տեսնում ենք, որ Ադրբեջանի վերջին 4 տարվա քաղաքականությունը հետևյալն է՝ երբ Հայաստանը կատարում է նոր պահանջ, որ հնչում է Ալիևի կողմից, վերջինս նոր նախապայմաններ է առաջ քաշում: Դա կարող է լինել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»: Ադրբեջանը բազմիցս շեշտել է՝ մինչև Հայաստանը չփոխի Սահմանադրությունը, խաղաղության պայմանագիր չի լինելու, Ադրբեջանը օրակարգ է կամաց-կամաց բերում, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի համայնքի անդամների իրավունքի հարցը և նշում, որ այդ «համայնքը» արդեն դիմել է Հայաստանին, որպեսզի Հայաստանը երաշխիքներ տրամադրի 300 հազար ադրբեջանցիներին անվտանգության և այլ ոլորտներում, որ նրանք կարողանան գալ ու բնակվել Հայաստանում»,- հավելել է Սերգեյ Մելքոնյանը:

Նա նաև ընդգծել է՝ Ադրբեջանի նպատակն է, որ Հայաստանը դատապարտի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Արցախյան պատերազմներում մասնակցություն ունենալու համար:

«Ադրբեջանը վերջին տարիներին միշտ նշում էր, որ Երևանն իբր պատմական ադրբեջանական քաղաք է: Եթե նայեք «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի քարտեզը, կտեսնեք, որ դա ՀՀ քարտեզն է: Հետևաբար, այս օրակարգը ուղղակի ուղղված է Հաաստանի պետականության ու ինքնիշխանության դեմ: Մի նախապայման էլ է Ադրբեջանը առաջ քաշում․ Հայաստանը պատրաստ լինի համագործակցել Ադրբեջանի հետ,որ դատեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Ադրբեջանը հյայտարարել է, որ իրենք արդեն պաշտոնապես դիմել են ՀՀ իշխանություններին, որ կարողանան ավարտել այդ գործընթացը:Նրանց դիսկուրսը հետևյալն է՝ եթե Հայաստանն ուզում է հասնել խաղաղության, պետք է դատապարտի այն, ինչ տեղի է ունեցել Արցախյան պատերազմների ընթացքում՝ դատել այն մարդկանց, որոնք այդ շրջանում որոշումներ էին կայացնում»,- եզրափակել է Սերգեյ Մելքոնյանը:

Հիմա եթերում