Ադրբեջանը կազմակերպել և իրականացրել է 100 հազար հայերի գաղթը. Կոլոնա
11 Հոկտեմբերի 2023, 20:06
Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում կպահանջի բանաձևի ընդունում, որը պայմաններ կստեղծի հայերի Լեռնային Ղարաբաղ վերադարձի համար։
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան՝ ելույթ ունենալով հանրապետության Սենատում։
Ինչպես հավելել է Կոլոննան, այդ պայմանները պետք է ներառեն Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ պատմամշակութային իրավունքների պահպանման ամուր երաշխիքներ։ Դրա համար անհրաժեշտ է մշտական միջազգային ներկայություն տեղում, և Ֆրանսիայի բոլոր ջանքերի նպատակը դրան հասնելն է։
«Բոլորն էլ հասկանում են Մերձավոր Արևելքի ճգնաժամի լրջությունը, բայց պետք է նաև դիտարկել իրավիճակը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում: Այո, Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100 հազար հայերի տեղահանությունը Լեռնային Ղարաբաղից, սա չափազանց ծանր հանցագործություն է, որին չի կարող չհետևել հակազդեցությունը»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան աջակցում է Եվրամիության միջնորդական ջանքերին և պահանջում, որ զիջումներ չլինեն միջազգային իրավունքի, Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցում։