Ադրբեջանը կոպտորեն խախտում է հրադադարը. Վիկտոր Բարանեց

14 Փետրվարի 2024, 22:48

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս ռազմական վերլուծաբան Վիկտոր Բարանեցը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին սրումը, որի հետևանքով չորս հայ զինծառայող է զոհվել։

«Նախ՝ հայերը զոհվել են ոչ թե այն պատճառով, որ իրենք են իրենց վրա կրակել այլ այն պատճառով, որ նրանց վրա կրակել են հակառակ կողմից։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը տվյալ դեպքում կոպտորեն խախտում է հրադադարի մասին պայմանագիրը։ Սրանից փախուստ չկա։ Այս փաստը լիովին ակնհայտ է: Փորձում եմ միշտ չեզոք դիրք գրավել ու ոչ ոքի չմեղադրել, քանի որ այս պատմությունը շատ խճճված է։ Բայց 4 հայ սահմանապահների մահվան այս պատմությունը միանգամայն ակնհայտ է, որ սա ակնհայտ սադրանք է ադրբեջանական կողմից՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճաբանություն առաջացնելուն և հակամարտությունը վերակենդանացնելուն, որը, փառք Աստծո, սկսել է մարել»,- ընդգծել է փորձագետը։

Alpha News-ի զրուցակիցը չի տեսնում երկու երկրների հակամարտության լուծում և կարծում է, որ սահմանին սադրանքը վերջինը չի լինի։

«Ալիևն արդեն դարձել է Ադրբեջանի նախագահ։ Ի՞նչ է նրան պետք։ Նրան ոչինչ պետք չէ, նա ստացել է այն ամենը, ինչ իրեն պետք է; Ադրբեջանի կառույցում կան մարդիկ, որոնք շարունակում են իրենց զայրույթը այդ կերպ հանել հայերի վրա։ Դա, ցավոք կլինի ընդմիշտ», — եզրափակել է Բարանեցը: