Ադրբեջանը կփորձի վերացնել Արցախի եկեղեցիները կամ էլ ներկայացնել՝ որպես աղվանական. Արցախի թեմի առաջնորդ
10 Նոյեմբերի 2023, 22:45
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը վստահ է՝ օկուպացված Արցախի հայկական եկեղեցիները, վանքերն ու խաչքարերը Ադրբեջանը փորձելու է վերացնել կամ էլ դրանք ներկայացնել որպես այսպես կոչված աղվանական։
«Արցախից դուրս գալուց առաջ՝ դիմեցի ռուս խաղաղապահներին, խնդրեցի, որ գոնե այնքան ժամանակ, ինչքան իրենք կմնան Արցախում, վանքերը, եկեղեցիներն ու խաչքարերն անվտանգ լինեն։ Մտավախություն ունեի, որ ադրբեջանցիները պղծելու են դրանք, ինչպես պայթեցրեցին օրինակ՝ Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածինը։ Ռուս խաղաղապահներից նամակ ստացա, որ իրենք դիմել են Ադրբեջանի ներքին գործերի նախարարին, որն էլ հավաստիացրել է, թե դրանք ոստիկաններով կպատեն, որպեսզի հսկեն դրանց անվտանգությունը։
Անշուշտ, դրանք զուտ խոսքեր են, մենք դրանց չենք հավատում։ Ինչ արել են նախկինում, նույնն էլ շարունակելու են հիմա, դրանք կվերածեն կամ մզկիթի, կամ այլ գործառույթների համար կօգտագործեն, կամ էլ աղվանաուդիական եկեղեցիների վերածեն դրանք, որովհետեւ էդպիսի ծրագիր ունեն, նրանք պնդում են, թե այդ եկեղեցիներն ու վանքերը պատմականորեն պատկանում են աղվան ժողովրդին եւ հայերն են, որ դրանք հայկականացրել են»,- Alpha Newsroom-ի եթերում ասաց Արցախի թեմի առաջնորդը։
Նրա խոսքով՝ Արցախի պատմամշակութային ժառանգության պատմությունը Ադրբեջանը փորձել է խեղաթյուրել դեռ Խորհրդային Միության ժամանակ։
«Հայաստանի Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատողները պայքարում էին Բաքվի ներկայացուցիչների հետ, որոնք Մոսկվայում փորձում էին հայկական եկեղեցիները ներկայացնել որպես աղվանական։ Փառք ու պատիվ մեր գիտնականներին, որ կարողացան հասանելի դարձնել ճշմարտությունը։ Այս խնդիրը, սակայն, հասավ նաեւ մեր օրեր։ 44-օրյա պատերազմից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերի շնորհիվ՝ մեր ներկայությունը շարունակեցինք ապահովել Դադիվանքում։ Առաջին անգամ, սակայն, մենք տեսանք ուդիների այցը Դադիվանք, նրանց տարազը, խոսքը, պահվաքծը չէր համապատասխանում մեր ընկալումներին, մենք չէինք պատկերացնում, թե որ եկեղեցին են նրանք ներկայացնում։ Ես նույնիսկ հանդիպեցի նրանց հետ, բացատրեցի, թե ինչպես է ձեւավորվել աղվանական եկեղեցին ու ասացի, թե ինչ գործ ունեն հիմա, որ եկել են Դադիվանք։ Բայց նրանք նպատակ ունեին մտնել Արցախ, առաջինը հենց Դադիվանքն էր»,- ասաց Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Սրբազան հոր խոսքով՝Հայաստանը պետք է աշխատանքներ տանի, որպեսզի աշխարհին ապացուցի, որ Ադրբեջանը խեղաթյուրում է պատմությունը։
Հարցին, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը աշխատանքներ տանո՞ւմ է ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցիների հետ, որպեսզի նրանք էլ իրենց աջակցությամբ փորձեն պահպանել հայկական եկեղեցիները օկուպացված Արցախում, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ասաց.
«Այո, նման աշխատանքներ իրականացվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Ավելին՝ 44-օրյա պատերազմից հետո Արցախի պատմամշակութային հուշարձանների պահպանման գրասենյակ բացվեց, որն աշխատանքներ է տանում, որպեսզի թե եկեղեցական, թե քաղաքացիական միջազգային կառույցներում հայկական եկեղեցու նկատմամբ ոտնձգությունները ի չիք դարձվեն։ Հենց Վեհափառի եւ ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքի միջոցով Դադիվանքը կարողացանք այդքան երկար ժամանակ հայկական պահել, այնտեղ ռուս խաղաղապահներ տեղակայվեցին։ Եկեղեցիների համաշխարհգային խորհուրդը, ինչպես նաեւ կաթոլիկ եկեղեցու պետը դատապարտել են այդ երեւույթները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ամեն ինչ անում է, որպեսզի այդ աշխատանքները լիարժեք հասցնի այդ կառույցներին»,- հավելեց Արցախի թեմի առաջնորդը։