Ադրբեջանը կրկին խոսել է ՀՀ տարածքների նկատմամբ իր նկրտումների մասին

28 Հունվարի 2025, 16:40

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հերթական անգամ խոսել է ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ իր նկրտումների մասին՝ հայտարարելով, թե Ադրբեջանից դեպի Նախիջևան պետք է հնարավորություն ունենան գնալու առանց որևէ խոչընդոտի ու ստուգման։

«Ե՛վ միջազգային մակարդակով, և՛ Հայաստանի հետ երկկողմ շփումներում մենք անընդհատ շեշտում ենք մի խնդիր՝ պետք է ապահովվի Ադրբեջանից Ադրբեջան անարգել անցումը։ Պետք է լինի հարմարավետ և ազատ անցում Ադրբեջանից դեպի Ադրբեջան՝ առանց որևէ ստուգումների և խոչընդոտների»,- ասել է Ալիևն՝ իր երկրում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևը նաև հայտարարել է, թե, իբր, 1920 թվականի նոյեմբերին խորհրդային կառավարությունը «խլել է Արևմտյան Զանգեզուրը՝ հանցագործություն կատարել ադրբեջանական ժողովրդի դեմ».

«Մենք չենք մոռացել և չենք մոռանա Զանգեզուրը։ Նորից եմ ասում՝ մենք տարածքային պահանջ չունենք Հայաստանից, սակայն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ ապահովելով Ադրբեջանից Ադրբեջան անարգել անցում»։