Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում 2 անգամ խախտել է հրադադարը Արցախում

03 Հուլիսի 2023, 19:58

Քաղաքականություն

Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում 2 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել և կրակել է քաղաքացիական անձանց ու բնակավայրերի ուղղությամբ:

Արցախի ՆԳՆ -ի հաղորդագրության համաձայն, հունիսի 28-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ճարտար քաղաքի բնակիչը Մարտունի քաղաքի վարչական տարածքի 64 հեկտար կոչվող տեղամասում հացահատիկահավաք կոմբայնով հունձ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են կոմբայնի ուղղությամբ։

Նույն օրը մեկ այլ հաղորդում է ստացվել Գիշի գյուղի բնակչից: Վերջինս, Ճարտար քաղաքի վարչական տարածքի Ղուրուսու կոչվող տեղամասում, «Բելառուս-80» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում։

Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։