Ադրբեջանը մի կողմ կթողնի քաղաքական տարաձայնությունները և կբարելավի հարաբերությունները Իրանի հետ. Խայալ Մուազին
09 Հունվարի 2024, 00:46
Իրանցի լրագրող Խայալ Մուազինը Alpha News-ին մեկնաբանել է Իրանի այն հայտարարությունը, թե Իրանի և Ադրբեջանի միջև կամուրջը կնպաստի երկու երկրների միջև տարանցիկ կապերի զարգացմանը։
Փորձագետի խոսքով՝ Իրանի համար այժմ կարևոր է բարելավել հարաբերությունները հարևան երկրների հետ։
«Իրանի ներկայիս կառավարության արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից մեկը հարևան երկրների հետ հարաբերությունները բարձր մակարդակի հասցնելն է՝ լինի դա Ադրբեջան, Հայաստան, թե այլ երկրներ: Ինչպես գիտենք, աշխարհը շարժվում է դեպի նոր աշխարհակարգ, ձևավորվում են նոր քաղաքական քարտեզներ, իսկ Իրանը տարանցման հարցում կարևորագույն տեղ է զբաղեցնում նոր աշխարհակարգում: Սա շատ լավ հասկանում են նաև Իրանի հարևան երկրները և, հետևաբար, ձգտում են Իրանի հետ հարաբերությունները կարգավորել բարձր մակարդակով։
Նշեմ, որ Հայաստանը դեպի Արևմուտք թեքվելու փոխարեն պետք է բարձր մակարդակի վրա պահպանի հարաբերությունները նաև հարևան երկրների հետ և պահպանի իր կարևորությունը տարանցման հարցում։ Սա Հայաստանը կդարձնի տարածաշրջանի կարևորագույն խաղացողներից մեկը։
Կարծում եմ, որ նոր տարանցիկ միջանցքի բացումը մեծապես օգուտ կբերի Իրանի տնտեսությանը, ինչպես նաև համաշխարհային առևտրին»,- նշել է փորձագետը։
Խոսելով այն մասին, թե ինչպես կարող են Իրանի և Ադրբեջանի միջև քաղաքական տարաձայնություններն ազդել տարանցման խնդրի վրա, փորձագետն ասել է, որ Ադրբեջանը հիանալի հասկանում է Իրանի դերը նոր աշխարհակարգում, մասնավորապես՝ տարանցման հարցում։
«Հետևաբար, նա կձգտի բարելավել հարաբերությունները Իրանի հետ և մի կողմ կթողնի քաղաքական տարաձայնությունները կամ խնդիրները կլուծի քաղաքական ճանապարհով»,- եզրափակել է փորձագետը։