Ադրբեջանը միլիոններով չի կարողացել սենատորներին համոզել, որ ընդունեն ոչ հայանպաստ բանաձև․ Հարութ Սասունյան
25 Նոյեմբերի 2023, 00:53
Ադրբեջանը միլիոններով չի կարողացել սենատորներին համոզել, որ ընդունեն ոչ հայանպաստ բանաձև։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է California Courier թերթի հրատարակիչ, խմբագիր Հարութ Սասունյանը։
«Վերջին տարիներին Ադրբեջանը միլիոններ է ծախսում տարբեր լոբբիստական կազմակերպությունների համար։ Այդ միլիոններով Թուրքիան ու Ադրբեջանը չեն կարողացել նույնիսկ մի սենատորի համոզել, որ հայանպաստ քվե չտան և լինեն թրքանպաստ։ Նրանք վատնել են այդ տասնյակ միլիոնավոր դոլարները, դա այն ժամանակ, երբ թուրքական տնտեսությունը սնանկանում է, լիրան գրեթե կոցնում է իր արժեքը, Թուրքիայում ժողովուրդը չի կարողանում գնալ շուկա ու ինչ-որ ուտելիք առնել։
Մինչ այդ, Էրդողանը միլիոններ է ծախսում, 30 հարկանի շենք է կառուցում, որ փողի անիմաստ վատնում է, բայց դա ցուցամոլություն է։ Էրդողանը սիրում է երևալ, թե ինքը աշխարհի ազդեցիկ ղեկավար է։ Նաև վերջերս ինքը ամեն ինչ արեց, որ լինի միջնորդ պաղեստինցիների ու Իսրայելի միջև, երբ տեսավ, որ ոչ Իսրայելը, ոչ Պաղեստինը իրեն ուշադղրություն չեն դարձնում, սկսեց հայհոյանքներով խոսել Իսրայելի մասին»,- նշել է Սասունյանը։
Մեր զրուցակիցը, որպես Ամերիկայում բնակվող հայ, դժգոհ է կառավարությունից, քանի որ ԱՄՆ-ն, Սասունյանի խոսքով, միայն խոսում է և ոչ թե գործում․
«Մենք վերջին տարիներին շատ դժգոհ ենք ամերիկյան կառավարությունից, որը երբեք ոչ մի կոնկրետ քայլ չի անում, այլ միայն օդից է խոսում, թե պետք է խաղաղություն լինի, Ադրբեջանը չպետք է հարձակվի։ Կոնգրեսում լսումներ կային կարծեմ սեպտեմբերի 11-ին, որտեղ պետքարտուղարության բարձրաստիճան երկու խոսնակներ ասացին, որ ԱՄՆ-ի համար ընդունելի չէ որևէ տեսակի հարձակում Ադրբեջանի կողմից, և եթե հարձակում լինի, հետևանք կունենա։ Մի քանի օրից Ալիևը հարձակվեց ու վերցրեց Արցախի մնացյալ բաժինը»,- հիշեցրել է Հարութ Սասունյանը։
Նա փաստում է՝ ոչ Եվրոպան, ոչ ԱՄՆ-ը պատժամիջոց չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ, դրա համար էլ Ալիևը շարունակում է իր բռնած քաղաքականությունը վարել։