Ադրբեջանը մտավախություն ունի, որ խաղաղության պայմանագրի հարցը կարող է առկախվել. Յուրի Կնուտով
07 Նոյեմբերի 2023, 21:35
Ռուս ռազմական փորձագետ Յուրի Կնուտովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը չպետք է բաց թողնի Բաքվի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու հնարավորությունը:
Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանը չի ցանկանում ձգձգել այդ հարցը միջազգային փոփոխվող իրավիճակի պատճառով, որը կարող է իր օգտին չխաղալ:
«Ադրբեջանը հասկանում է, որ միջազգային իրավիճակը կտրուկ փոխվում է, և ցանկացած հարցի հետ կապված իրավիճակը կարող է փոխվել։ Տարբեր հանգամանքների բերումով, որոնք կարող են անսպասելի ծագել արտաքին քաղաքականության տուրբուլենտ միջավայրի պատճառով, կարող է փոխվել և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի դիրքորոշումը։ Ես նկատի ունեմ Մերձավոր Արևելքը և այն իրադարձությունները, որոնք այժմ զարգանում են այդ տարածքում։ Ամերիկյան ավիակիր խումբը, կարծես թե, գնացել է Իրան, երկրորդը գտնվում է Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում՝ նաև հրթիռների հասանելիության ոլորտում, այդ թվում՝ ամերիկյան։ Այդ ամենն ազդում է այն իրադրության վրա, որն առկա է, և այդ պատճառով Ադրբեջանը կցանկանար ոչ թե ձգձգել այդ հարցը, այլ գտնել ինչ-որ լուծում քիչ թե շատ արագ և բոլոր կողմերին ձեռնտու»,- նշել է Կնուտովը։
Ռազմական վերլուծաբանի կարծիքով՝ միջազգային իրավունքի տեսանկյունից Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու հարցը փակված չէ։
«Ադրբեջանը մտավախություն ունի, որ իրավիճակը կարող է պարզապես հանգեցնել նրան, որ հարցը կկախվի, և փաստաթուղթ չի ստորագրվի։ Իսկ չստորագրված փաստաթղթերը տարբեր հակամարտությունների ու գնդակոծությունների շարունակման հավանականությունն են։ Եվ ավերված տարածքները նույնպես ոչ ոք չի վերականգնի, եթե պայմանագիրը չստորագրվի։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, ապա մի կողմից խոսքով ընդունված է, որ դա Ադրբեջանի տարածքն է, բայց իրավաբանորեն ձևակերպված չէ։ Միջազգային իրավունքի տեսանկյունից դա նշանակում է, որ հարցը փակված չէ», — եզրափակել է Կնուտովը։