Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում, քանի որ իրեն ուժեղ է զգում. Անդրեյ Արեշև
30 Սեպտեմբերի 2024, 22:36
Ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ին մեկնաբանել է Ադրբեջանի այն հայտարարությունը, որ Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի չեզոքությունը, այլ ոչ թե Ադրբեջանի անվտանգությանը սպառնացող ռազմական դաշինքները։
Ըստ փորձագետի՝ Ադրբեջանն իրեն բավականին ուժեղ է զգում, դրա համար էլ նման պահանջներ է առաջ քաշում:
«Կարծում եմ, որ դրանք այսպես թե այնպես հարցեր են, որոնք Բաքուն դնում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքում, որոնք այժմ ընթանում են Երևանի հետ։ Ես կարծում եմ, որ սա այն գայթակղություններից մեկն է, որը խանգարում է կողմերին համաձայնության գալ, քանի որ նման պահանջները, բնականաբար, հազիվ թե դրական ընդունվեն անգամՀայաստանի ներկայիս իշխանությունների կողմից, ինչպես ինձ թվում է։
Նրանք դա պահանջում են, քանի որ իրենց բավականաչափ ուժեղ են զգում դա պահանջելու համար և փորձում են առաջ մղել այն: Եվ այստեղ հայկական կողմի համար հարցն այն է, թե որքանո՞վ նրանք հետևողական կլինեն իրենց շահերը պաշտպանելու հարցում։ Հիմա ժամանակն է, երբ բոլորը կարող են ցանկացած բան պահանջել։ Մենք դա տեսնում ենք ոչ միայն հայ-ադրբեջանական կազուսի, այլև գրեթե բոլոր հակամարտությունների դեպքում։
Տեսեք Իսրայելի գործողությունները Լիբանանում: Նրանք իրականում ոչ մեկին չեն հարցնում և անում են այն, ինչ ուզում են: Դրա համար, ցավոք, մենք ապրում ենք նման աշխարհում»,- ասել է Արեշևը։
Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանն անում է ամեն ինչ, որպեսզի դադարեցնի այն գործընթացները, որոնք իրենք իրենց համար անցանկալի են համարում։
«Կարծում եմ, որ նրանք (Ադրբեջանը) ակնարկում են Հայաստանի և Ֆրանսիայի, Հնդկաստանի և միգուցե այլ համեմատաբար նոր գործընկերների միջև ռազմատեխնիկական համագործակցության և ռազմական շփումների ակտիվացման մասին։ Կարծում եմ, որ պայմանավորվածությունները, որոնք տեղի են ունենում, իսկապես ուշադրությամբ վերահսկվում են պաշտոնական Բաքվի կողմից։ Եվ ամեն ինչ անում են, որպեսզի դադարեցնեն այն գործընթացները, որոնք իրենց համար անցանկալի են համարում»,- եզրափակել է Արեշևը։