Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի իրավունքների ապահովման համար․ Լյուքսեմբուրգի ԱԳՆ
25 Սեպտեմբերի 2023, 19:31
Ադրբեջանը պատասխանատվություն է կրում «ղարաբաղահայության» իրավունքների ապահովման համար։ Այս մասին Guardian-ին ասել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը՝ նշելով, որ իր երկիրը «ամենավճռական կերպով դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում»։
«Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության լիակատար հարգանքի երաշխավորման եւ ապահովման համար, ներառյալ նրանց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը»,-ասել է նա։
«Ադրբեջանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները եւ ապահովի կարիքավոր բնակչության անարգել մարդասիրական հասանելիությունը։
Մենք Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ ենք անում ԵՄ-ի եւ մյուս գործընկերների հովանու եւ աջակցության ներքո վերսկսել բանակցությունները բոլոր չլուծված հարցերի շուրջ՝ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով»,-հավելել է նա։