Ադրբեջանը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգ վերադարձը՝ չպահանջելով ընդունել երկրի քաղաքացիություն. Մարինա Կալյուրանդ

18 Դեկտեմբերի 2023, 21:30

Քաղաքականություն

«Եթե բռնի տեղահանվածները վերադառնան, Եվրամիությունը շատ ուշադիր կհետևի, թե ինչպես կվերաբերվեն նրանց»,- Alpha News-ին ասել է Հարավային Կովկասում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը՝ պատասխանելով հայերի՝ ներկայիս կարգավիճակով Լեռնային Ղարաբաղ վերադառնալու կոչերի անիրատեսական լինելու մասին:

Նրա խոսքով, Ադրբեջանի քննադատությունը ԵՄ-ի հասցեին անընդունելի է.

«Ինձ չեն բավարարում նախագահ Ալիևի հայտարարությունները ԵՄ-ի դեմ, նրա քննադատությունը եվրահանձնակատար Բորելի և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հասցեին։ Ես շատ քննադատություններ եմ լսում ԵՄ-ի հասցեին, շատ քննադատություններ ԵՄ դիտորդական առաքելության հասցեին Հայաստանում, բայց որքան հնարավոր է դիտորդական առաքելության կամ ցանկացած այլ միջազգային կազմակերպության միջոցով, որը մուտք ունի, մենք կհետևենք իրավիճակի զարգացմանը։

Քաղաքական խոստումներ տալը մի բան է, դրանք կատարելը՝ մեկ այլ բան։ Այսօր մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը կկատարի իր խոստումները և ապահով վերադարձ և ապահով կյանք կապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի համար, ովքեր ցանկանում են վերադառնալ՝ չպահանջելով, որ նրանք դառնան Ադրբեջանի քաղաքացիներ կամ ենթարկվեն որևէ սպառնալիքի։ Դա անթույլատրելի է միջազգային իրավունքով»,- ընդգծել է Կալյուրանդը։