Ադրբեջանը պնդելու է` 1992-96 թթ-ի դեպքերի հետևանքները քննության առարկա դառնան․ Արա Ղազարյան

13 Նոյեմբերի 2024, 22:40

Քաղաքականություն

Արդարադատության միջազգային դատարանը քննելու է բոլոր փաստերը 1996-ից սկսած դեպքերի առնչությամբ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

«Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանի երկու նախնական առարկությունները բավարարեց և ևս մեկն էլ մերժեց։ Սա բարենպաստ դատական ակտ է, և կարևոր է երեք հիմքերով էլ, թեկուզ դրանցից մեկում գտավ, որ փաստարկի առարկան բացակայում է։ Առաջինը հատկապես կարևոր է նրանով, որ դատավարության շրջանակը տեղափոխվեց 1993 թ-ից 1996 թվական։ Այսինքն՝ դատարանը քննելու է բոլոր փաստերը 1996-ից սկսած դեպքերի առնչությամբ։ Իսկ մենք գիտենք, որ 1992-94 թթ-ը եղել է պատերազմ, տեղահանումներ, ավիրվել են գյուղեր ու քաղաքներ, և այդ ամենը վերագրվել է Հայաստանին»,- նշել է Ղազարյանը։

Նա ընդգծել է՝ Ադրբեջանը շարունակելու է պնդել, որ 1992-96 թթ-ի դեպքերի հետևանքները կարող են քննության առարկա դառնալ։

«Կարծում եմ, որ Ադրբեջանն այդ հարցին կմոտենա այլ տեսանկյունից։ Առ այն, որ Հայաստանը 1996-ից վերահսկում էր այդ տարածքները, և առնվազն կարող էր ապահովել, որ բնակիչները վերադառնային։ Իսկ ՀՀ-ն դա չի արել, և չի արել ռասիստական նպատակով։ Ադրբեջանը շարունակելու է պնդել, որ թեև մենք չենք կարող 1992-96 թթ-ի դեպքերը քննել, բայց դրանց հետևանքները կարող ենք քննության առարկա դարձնել»,- եզրափակել է Ղազարյանը։

Հիմա եթերում