Ադրբեջանը փորձեց ցույց տալ, որ Արցախում գազն անընդմեջ չէ, որ ընդհատված է. Մետաքսե Հակոբյան

10 Հուլիսի 2023, 13:06

Քաղաքականություն

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի համոզմամբ՝ Ադրբեջանը Արցախում գազամատակարարման կարճատեւ վերականգնմամբ փորձեց ցույց տալ, որ Արցախում գազն անընդմեջ չէ, որ ընդհատված է: Alpha News-ի հետ զրույցում պատգամավորը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանն այդ քայլին գնացել է Արդարադատության միջազգային դատարանի՝ օրեր առաջ կայացրած որոշումից ելնելով, որով դատարանը միաձայն վերահաստատել էր փետրվարին կայացրած վճիռը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով ապահովել տեղաշարժը Լաչինի միջանցքով:

«Ադրբեջանը որոշել է ոչ թե ենթարկվել այդ որոշմանը, այլ փորձել է այդ քայլով ցույց տալ, որ Արցախում գազամատակարարումն անընդմեջ չէ, որ ընդհատված է: Եվ եթե մենք օրեր առաջ ասում էինք, որ հանրագումարային՝ շուրջ 150 օր է, որ գազ չկա Արցախում, ապա իրենք հիմա կարող են նոր հաշվարկ սկսել:

Իրենք պրիմիտիվ խորամանկություն արեցին ու ցույց տվեցին, որ այլ պատճառով է դադարեցված եղել գազամատակարարումը, հատկապես, երբ երեկ ադրբեջանական մեդիան տարածում էր, թե Ադրբեջանը չէ, որ անջատել է Արցախի գազամատակարարումը, այլ Հայաստանից է այն դադարեցված: Ստացվեց, որ Ադրբեջանը կատարեց Արդարադատության միջազգային դատարանի որոշման մի մասը, բայց միեւնույն ժամանակ, նոր խնդիր առաջացավ: Այսինքն՝ նման դատական պրոցեսները միջազգային հարթակներում կարող են անդադար լինել, բայց կարճաժամկետ կամ էլ աննշան հաջողություններ գրանցել, որոնք, էստ էության, որեւէ բան չեն փոխում»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը:

Արցախցի պաշտոնյայի խոսքով՝ գազամատակարարման վերականգնմամբ Արցախում ավելի շատ անհանգստացան, քան ոգեւորվեցին:

«Գազամատակարարման կարճատեւ վերականգմամբ պայմանավորված, Արցախում ոգեւորություն չի եղել: Միամտություն կլիներ մտածել, որ Ադրբեջանը կարող է իր ագրեսիան թուլացնել կամ էլ փոխել իր գործելաոճը»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:

Հիշեցնենք՝ «Արցախգազ»-ի փոխանցմամբ՝ հուլիսի 8-ի երեկոյան Հայաստանից Արցախ գազամատակարարումն Ադրբեջանը վերականգնել էր: Արցախում ադրբեջանական կողմը գազամատակարարումը դադարեցրել էր մարտի 21-ից:

Հաղորդվեց, որ արցախյան կողմի հետ այդ թեմայով որեւէ հաղորդակցություն տեղի չի ունեցել: Ժամեր անց, սակայն, Ադրբեջանը նորից անջատեց գազամատակարարումը:

Հիշեցնենք, որ Արցախի շրջափակման 210 օրվա ընթացքում արդեն 181 օր շարունակ խափանված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, իսկ գազամատակարարումը, հանրագումարային, 143 օր շարունակ: