Ադրբեջանը փորձում է ՀՀ-ից պոկել առավելագույնը, որ կարողանա կառուցել իր աշխարհաքաղաքական նպատակները․ Գառնիկ Դավթյան

08 Օգոստոսի 2024, 22:42

Քաղաքականություն

Ադրբեջանական պահանջների մեջ մտնում է նաև «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարախոսության հակահայկական և կեղծ պատմական թեզերը Հայաստանի վրա կիրառելու հանգամանքը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։

«Անկախության հռչակագիրն ինքնին Հայաստանի 3-րդ Հանրապետության ֆունդամենտն է, գոյության միտքն ու ոգին, որն իր մեջ պարունակում է Լեռնային Ղարաբաղի անկախության և Հայաստանին միացման մասին շատ կարևոր դրույթ, որն, ըստ իս, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կարևոր արմատն է համարվում։ Եվ եթե դիտարկենք բոլոր խնդիրները կոմպլեքս համատեքստում, ապա պետք է հասկանանք, որ ադրբեջանական պահանջների մեջ մտնում է նաև «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարախոսության հակահայկական և կեղծ պատմական թեզերը Հայաստանի վրա կիրառելու հանգամանքը։ Մենք գիտենք, որ Սահմանադրությամբ պաշտպանված է եկեղեցին, ամրագրված է Զինված ուժերի դերը ՀՀ-ում, ամրագրված են նաև բազմաթիվ այլ կարևոր դրույթներ, որոնք, ըստ երևույթին, կապված են Անկախության հռչակագրի հետ։ Ադրբեջանի նպատակն է կոտրել Հայաստանի դիմադրողականությունը, ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանը Հարավային Կովկասում իրենից ոչինչ չներկայացնի, լինի հպատակ տարածք, որտեղ կիրականացվի առևտուր»,- նշեց Դավթյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից փորձ է արվում Հայաստանում բնակեցնել առնվազն 300․000 ադրբեջանցիների, որոնք ամբողջովին կփոխեն Հայաստանի Հանրապետության պատմական, մշակութային, քաղաքական, տնտեսական պատկերը։

«Ադրբեջանը փորձում է Հայաստանից պոկել առավելագույնը, ստանալ այնպիսի իրավիճակ, որտեղ Հայաստանն իրենից ոչ վտանգ կներկայացնի, ոչ էլ պոտենցիալ կստեղծի, որ կարողանա կառուցել իր քաղաքական, պատմական և աշխարհաքաղաքական նպատակները։

Ադրբեջանը 2018 թ-ից հետո սկսել է գործել ծածուկ քաղաքականությամբ։ Փորձ է արվում Հայաստանում բնակեցնել առնվազն 300․000 ադրբեջանցիների, որոնք ամբողջովին փոխում են Հայաստանի Հանրապետության պատմական, մշակութային, քաղաքական, տնտեսական պատկերը։ «Արևմտյան Ադրբեջան»-ի կիրառումը ենթադրում է Հայաստանի տարբեր մարզային հատվածներում՝ հատկապես Տավուշում, Վայոց ձորում և Սյունիքում, քանի որ քարտեզներ են տարածվում, որտեղ գունավոր կետերով նշված են այն հատվածները, որտեղ ադրբեջանցիները պետք է ապրեն։ Երբ քարտեզին հեռվից նայում ենք, հասկանում ենք՝ նպատակը Հայաստանի հյուսիս, հարավ, արևելյան շրջանների կլանումն է քաղաքացիական ձևով»,- եզրափակեց Դավթյանը։